Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վլադիմիր Կուվշինովին և Օլեգ Բաժենովին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովին և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Օլեգ Բաժենովին: Նրանք Հայասստանում են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կառավարման խորհրդի այսօր տեղի ունեցած նիստի շրջանակում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, գոհունակություն հայտնելով արտակարգ իրավիճակների ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքից և այդ համատեքստում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունից, կարևորել է փոխգործակցության շարունակական խորացումն ու զարգացումը:
Վլադիմիր Կուվշինովը և Օլեգ Բաժենովն արդյունավետ են գնահատել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը և ներկայացրել են այսօրվա նիստի շրջանակում կայացած քննարկումների արդյունքները: Մասնավորապես, նախանշվել են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնց շուրջ պետք է զարգանա հայ-ռուսական փրկարարական համագործակցությունը՝ փրկարարական ուժերի վերապատրաստում, փորձի և փորձագետների փոխանակում, տեխնիկայի արդիականացում և այլն:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության հետագա ընթացքի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ տարածաշրջանում միակ՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունների ընդլայնումը հնարավորություն կտա մարդասիրական արձագանքումն իրականացնել միջտարածաշրջանային մակարդակով: