2736 դիտում
15:49 24-09-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրները, մեր երկրի զարգացման հեռանկարները, հնարավոր մարտահրավերները և լուծման ուղիները:
Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Կառավարության ղեկավարը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և զարգացման ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունավետությանը, փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կրթությանը և գիտությանը, բանկային համակարգին և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր: Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետին են ներկայացվել բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք առաջարկություններ:
Վարչապետը նշել է, որ նոր կառավարությունը, իր խնդիրները լուծելու ճանապարհին, հասարակությանը տեսնում է որպես գործընկեր, և այս տեսանկյունից Հանրային խորհուրդը խողովակներից մեկն է, որով գործադիրը հանրության հետ երկխոսություն է կառուցելու:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական ապարատը պատկերացնում է որպես ճկուն, գործող թիմ և այդ նպատակով ձեռնամուխ է եղել կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին: Վարչապետի խոսքով՝ այդ փոփոխությունները լոկ անվանափոխության խնդիր չեն լուծում, այլև ենթադրում են լուրջ բովանդակություն և նպատակային գործառույթներ:
Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ, օրինակ, Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է գործարարներին օժանդակություն ցուցաբերող պետական այն օղակը, որը քննարկելու է նրանց կողմից բարձրացված խնդիրները և աջակցելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը:
Վարչապետը կարևորել է նաև կրթության և գիտության դերը՝ որպես յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմք և շեշտել, որ նոր կառավարությունը լրացուցիչ թափ է հաղորդելու կրթական համակարգի բարեփոխումներին: Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է Հանրային խորհրդի անդամներին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ և ծրագրեր՝ տեսանելի արդյունքների գնահատմամբ:
Նմանատիպ նյութեր
2347 դիտում
22:13 20-11-2023
Կարեն Կարապետյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի թիմի անդամներին
1304 դիտում
18:12 02-12-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին
Այս բաժնից
949 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
802 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
877 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան