211652_close_icon

Այս տարի կնշվի «Բազեի» 15-ամյակը. այն համախմբում է Հայաստանի, Արցախի և սփյուռքի շուրջ 500 երիտասարդների

views-count2867 դիտում article-date 14:52 04-07-2017
Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում կանցկացվի «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ Այս տարի նշվելու է «Բազե» հավաքի ստեղծման 15-ամյակը, ուստի նախատեսված են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ երիտասարդական ամենամեծ միջոցառման հոբելյանը նշանավորելու համար։ «Բազե» հավաքի տնօրեն Հրաչյա Ստեփանյանը նշում է, որ 15 տարիների ընթացքում երիտասարդական այս ծրագրում շատ բան է փոխվել, սակայն հիմնական գաղափարը, նպատակը, որ ի սկզբանե դրված է եղել միջոցառման հիմքում՝ առողջ մրցակցության սերմանում, տարբեր ոլորտներում լավագույնների բացահայտում, մնացել է նույնը։ Ըստ հավաքի տնօրենի՝ տարեցտարի ավելացել է մասնակցել ցանկացողների թիվը, ընդ որում՝ երկրորդ-երրորդ անգամ մասնակցելու համար, ինչը վկայում է, որ հավաքը ծառայում է իր նպատակին և հետաքրքրություն է վայելում երիտասարդների շրջանում։ Հրաչյա Ստեփանյանը նշում է, որ հավաքի սկզբունքներից մեկն այն է, որ դրան կարող են մասնակցել միայն մեկ անգամ, սակայն 15-ամյակի կապակցությամբ որոշակի բացառություններ արվել են՝ հին բազեականներին համախմբելու համար։ Այս տարի հավաքի ծրագրում ավելացել են նոր մրցաձևեր, դրանք մշակութային բլոկում են։ Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ լուսանկարչությունը մեծ զարգացում է ապրում երիտասարդների շրջանում, մրցաձևերին ավելացել է լուսանկարչությունը. արված կադրերն ավելի պատկերավոր կարտահայտեն «Բազե» հավաքի առօրյան։ Բացի այդ, կլինեն նաև այլ նորույթներ։ Այս տարի «Բազե» հավաքի գեղարվեստական ղեկավարն է լինելու դերասան Գրիգոր Դանիելյանը, ով հավաքի հնաբնակներից է։ Տարիներ առաջ նա եղել է հավաքի ճակատներից մեկի գեղարվեստական ղեկավարը, մեծ փորձ ունի, և Հրաչյա Ստեփանյանի համոզմամբ՝ հոբելյանական հավաքին Գրիգոր Դանիելյանը նոր շունչ կհաղորդի։ Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Այն համախմբում է Հայաստանի, Արցախի և սփյուռքի շուրջ 500 երիտասարդների, ովքեր հավաքի 7 օրերի ընթացքում ուժերն են չափում տարբեր մրցաձևերում։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր