9450 դիտում
10:22 01-07-2017
Ի՞նչն է կարևոր. դատարանում իրենց ուղերձը հրապարակե՞լը, թե՞ ամեն մի նիստին իրարանցում սարքելը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Բնականաբար, ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ, թե ոստիկանությունը «Սասնա ծռերի» նկատմամբ «համաչափ ուժ» է կիրառել: Եթե ամբաստանյալը և որևէ այլ քաղաքացի կռվի մեջ է մտնում ոստիկանի հետ, ապա վերջինս պետք է այնքան սառնասիրտ և պրոֆեսիոնալ լինի, որ առանց ավելորդ շարժումների նրա ձեռքերը ոլորի, ձեռնաշղթա հագցնի և տանի խուց: Բայց մեր ոստիկաններին (ավելի շուտ, «մըլիցեքին») մենք գիտենք` «արա, նա ինձ մեր քրֆեց…»:
Մի խոսքով՝ ենթադրում եմ, որ տեղի է ունեցել հանցագործություն, որի համար այդ ոստիկանները պետք է կանգնեն դատարանի առաջ:
Բայց եթե դու իշխանության կամ «Սասնա ծռերի» քարոզիչը չես, լրագրող ես և վերլուծություն ես գրում, ապա խնդիրը պետք է լուսաբանես հնարավորինս հավասարակշռված և բազմակողմանի: Ո՞ւմ է ձեռնտու, որ «Ծռերի» և Սեֆիլյանի դատավարությունն ընթանա դռնփակ: Իհարկե` իշխանություններին. նրանք շահագրգռված են արագ-արագ դատել զինված ապստամբության ջատագովներին և ազատվել գլխացավանքից: Իսկ ամբաստանյալները և նրանց կողմնակիցնե՞րը: Նրանք շահագրգռված կարող են լինել միայն այն պարագայում, եթե իրենց գլխավոր նպատակն է ասել` «տեսեք, ինչ բռնապետություն է` դռնփակ դատավարություն են անում»: Բայց մի անգամ կամ մի քանի օր նման բան ասելը առանձնապես մի լուրջ նպատակ չէ` համեմատած դռնբաց դատավարության ժամանակ քաղաքական նպատակների մասին բարձրաձայնելու հետ:
Եթե հիշյալ երկու գործերով ամբաստանյալները ոտքի կանգնեն, երբ դատարանն է գալիս, և նստեն, երբ դատավարությունն է ընթանում, եթե նրանք չգոռան, չհայհոյեն, չաղմկեն, ոստիկանների և կարգադրիչների հետ կռիվներ չսարքեն, ապա իշխանությունը ոչ մի հիմք չի ունենա իր համար ցանկալի դռնփակ դատավարության անցնելու: Ժամանակին դատական նիստի ընթացքին չեն խանգարել Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Մանվել Եղիազարյանը, Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Շանթ Հարությունյանը և բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ, երբ ամբաստանյալի աթոռին էին (մի կողմ թողնենք, թե ով ինչում է մեղավոր կամ անմեղ): Ի՞նչ է, նրանք հավատո՞ւմ էին հայաստանյան արդարադատությանը կամ կարծում էին, թե դատարանն անկա՞խ է: Ակնհայտորեն՝ ոչ: Պարզապես նրանք կարևորում էին դատարանում իրենց ճշմարտությունը, իրենց ուղերձը հրապարակելը, ոչ թե ամեն մի նիստին իրարանցում սարքելը: Եթե, իհարկե, կրկնեմ՝ գերնպատակը դռնփակ դատավարությունը չէ:
«Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանը դատարանի դահլիճում զինված քաղաքական պայքարի կոչ արեց: Թեև պայքարի այդ ձևը ներկայիս Հայաստանում ես համարում եմ փակուղային, այնուամենայնիվ, այդ հայտարարությունն, իմ կարծիքով, ողջունելի է նախ` այն պատճառով, որ անկեղծ է, երկրորդ` սահմանազատում է զինված քաղաքական պայքարի կողմնակիցներին և հակառակորդներին: Ամբաստանյալների գլխավոր նպատակը պետք է լինի, կարծում եմ, զինված պայքարի անհրաժեշտության հիմնավորումը: Բայց ինչպե՞ս է հնարավոր որևէ բան հիմնավորել, եթե ինքդ աղմուկ-աղաղակ ես սարքում և նիստերը տապալում:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1741 դիտում
16:12 14-11-2020
Վիժվածքներ, հրապարակե՛ք ցուցակները։ Ու ամեն մի անուն, ազգանունի դիմաց գրե՛ք պատմությունը․ Միքայել Մինասյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը