211652_close_icon
views-count4905 դիտում article-date 15:44 29-06-2017

Աշխարհում քրիստոնեական ժառանգության պահպանումը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը. Շարմազանովը` Չեխիայի հոգևոր առաջնորդի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, հունիսի 28-ին Պրահայում հանդիպել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել կարդինալ Դոմինիկ Դուկայի անձնական ներդրումը երկու քրիստոնյա ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ նրա ջանքերը Չեխիայի հայերի ցանկությունն իրականություն դարձնելու գործում. այդ ջանքերի շնորհիվ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին: Պարոն Շարմազանովը երախտիքի խոսք է հայտնել Դոմինիկ Դուկային` Պրահայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են քրիստոնեական ժառանգության պահպանումը եւ փոխանցումը սերունդներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովն իր մտահոգությունն է հայտնել թե Թուրքիայում, թե Ադրբեջանում եւ թե Մերձավոր Արեւելքում հայկական եւ քրիստոնեական մշակութային հուշարձանների ոչնչացման, ինչպես նաեւ օրերս Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը Ղուրանի ընթերցմամբ, աղոթքի միջոցով մզկիթի վերածելու փորձի կապակցությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` այդ փաստը Դեյր Էզ-Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման, Նախիջեւանում Ջուղայի դարավոր խաչքարերի ավերման, Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր քրիստոնեական հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է: «Աշխարհում քրիստոնեական ժառանգության պահպանումը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը»,-ասել է պարոն Շարմազանովը:

Նմանատիպ նյութեր