211652_close_icon
views-count3309 դիտում article-date 19:45 28-06-2017

Բազային երկրատեղեկատվական համակարգն արդեն իրականություն է

Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանը լրատվամիջոցներին մանրամասն ներկայացրեց կոմիտեի կողմից երկրատեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները և դրա արդյունավետ կիրառման ուղղությունները: Բանախոսը նկատեց, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կադաստրի պետական կոմիտեն նախաձեռնել է բազային երկրատեղեկատվական համակարգի զարգացումը կոմիտեի գեոպորտալի միջոցով: Գծային ենթակառուցվածքները տնօրինող (շահագործող) կազմակերպությունների հետ սերտ համագործակցության արդյունքում, ուսումնասիրելով և հաշվի առնելով դրանց կարիքները՝ կադաստրի պետական կոմիտեն, պարոն Գրիգորյանի հավաստմամբ, իր ուժերով ստեղծել է գեոպորտալ, որտեղ ներբեռնվել են Երևան քաղաքի՝ կադաստրի պետական կոմիտեում առկա քարտեզագրական նյութերը, օրթոլուսանկարները, ինչպես նաև հանութագրված ենթակառուցվածքների վերաբերյալ առկա գրաֆիկական և տեքստային տեղեկատվությունը: Հատկանշական է, որ կադաստրի պետական կոմիտեի կողմից ապահովվել է շահառու կազմակերպությունների՝ համապատասխան կապուղիներով միացումը գեոպորտալին, ինչի արդյունքում ստեղծվել է ընդհանուր հարթակ, որը հնարավորություն է ընձեռում կոմունիկացիաները տնօրինողներին, ինչպես նաև այլ կազմակերպությունների ենթակառուցվածքները տեսնել միևնույն միջավայրում: ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի տեղակալը նշեց, որ ներկայումս համակարգին միացված են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը, «Ռոստելեկոմ», «ԱՐՄԵՆՏԵԼ», «ՅՈՒՔՈՄ», «ՎիվաՍել» ՄՏՍ, «Երևան Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները: Իրականացված ծրագրի շրջանակներում՝ կադաստրի պետական կոմիտեի ARPIS համակարգի Գեոպորտալի համապատասխան շտեմարաններից օգտվելու հմտություններին ծանոթանալու նպատակով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կազմակերպվել և անցկացվել է նաև դասընթաց շահագրգիռ կազմակերպությունների համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Նշված միասնական համակարգի առկայությունը, պարոն Գրիգորյանի հավաստմամբ, հնարավորություն կընձեռի, օրինակ, շինարարական թույլտվությունների տրամադրման ժամկետների կրճատման, տարբեր մակարդակներում որոշումների ընդունման արդյունավետության բարձրացման, տեղեկատվության թափանցիկության բարձրացման , ծախսերի կրճատման և կրկնակի աշխատանքների բացառման: Հատկանշական է, որ համակարգը կարևորություն է ներկայացնում նաև պոտենցիալ ներդրողների համար գրավչություն ապահովելու հարցում: Բանախոսը հավաստիացրեց, որ համակարգի միջոցով ներդրողը կարողանում է նախապես իմանալ, թե իրեն հետաքրքրող հողամասում, կամ ինչ հեռավորության վրա են գտնվում ասենք գազատարները, էլեկտրահաղորդման գծերը, կապի հանգույցները կամ այլ ինժեներական կառույցները՝ հնարավորություն ունենալով ավելի ճշգրիտ պլանավորել իր բիզնեսը և ապահովել արդյունավետություն: Հարկ է նշել, որ բազային երկրատեղեկատվական համակարգի հենքի վրա կզարգանան նաև առանձին թեմատիկ երկրատեղեկատվական համակարգեր՝ նախատեսված նեղ ճյուղային խնդիրներ լուծելու համար: Այդ համակարգերը պետք է փոխկապված լինեն կոմիտեի կողմից ներդրված համակարգի հետ: Հավելենք, որ բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման նույնանման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաև Գյումրի քաղաքում: Հանրապետության երկրորդ քաղաքում տվյալները հասանելի կլինեն օգոստոս ամսից, իսկ Վանաձոր քաղաքի բազային երկրատեղեկատվական համակարգը կներդրվի տարեվերջին: [b] Կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության բաժին[/b]

Նմանատիպ նյութեր