Ֆինանսավորվել է արևային էներգիայի հիման վրա ստեղծված մոտ 97 նախագիծ. Գևորգ Թումանյան
«Գերմանահայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի խրախուսում» վարկային ծրագրով արդեն ֆինանսավորվել է արևային էներգիայի շահագործման 97 նախագիծ»,- այսօր Գերմանահայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի խրախուսում» վարկային ծրագրի շահառուների համար կազմակերպված սեմինարի բացման ժամանակ հայտարարեց «Գերմանահայկական հիմնադրամ» ԾԿԳ տնօրեն Գևորգ Թումանյանը:
Նա տեղեկացրեց, որ ֆինանսավորված 97 ծրագրից 86-ն արևային ջրատաքացուցիչներ էին, իսկ 11-ը՝ ֆոտովոլտային կայաններ:
«Իհարկե, սրանք փոքր կայաններ են, որոնք մասնավոր ֆիզիկական անձանց կողմից ներդրվող անձնական օգտագործման համար են կառուցված: Այդ կայանները չեն կառուցվել բիզնես նպատակով, այսինքն՝ արևային էներգիա չեն վաճառում: Ցավոք սրտի, այսօր մենք չունենք խոշոր կայաններ՝ մինչև 1 մեգավատ, որոնց նպատակն իրենց արտադրած էներգիան էլեկտրացանցին մատակարարելն է»,- ասաց նա:
Գևորգ Թումանյանը շեշտեց, որ արևային էներգիայի արտադրման ծրագրերին մեջ աջակցություն է ցույց տալիս նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Նա շնորհակալություն հայտեց նաև «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերությանը, որը սեմինարի մասնակիցներին ներկայացնելու է արևային էներգիայի ֆոտովոլտային կայանների ընդհանուր սկզբունքները և պահանջվող նախագծերի կազմման ու գնահատման մոտեցումները:
Սեմինարին ներկա ՀՀ-ում Գերմանիային Դաշնային հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախարարի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը պատասխանեցին սեմինարի մասնակիցների հարցերին: