Ռուսաց լեզվի միասնական քննություններից անբավարար է ստացել դիմորդների 27 տոկոսը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաց լեզվի միասնական քննություններից գրանցվել են շատ ցածր արդյունքներ: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի տեղեկացմամբ, այս առարկայից միջին միավորը կազմել է 10.29, անբավարար գնահատական է ստացել քննություն հանձնածների 27 տոկոսը, 20 միավոր վաստակել է ընդամենը 4 դիմորդ կամ միասնական քննության մասնակիցների 0.8 տոկոսը: ԳԹԿ տնօրենը, անդրադառնալով այս պատկերին, նկատեց, որ նախորդ տարի, օրինակ, անբավարար գնահատականները շատ ավելի մեծ թիվ էին կազմում՝ 30 տոկոս: Առկա իրավիճակը նա երկու հանգամանքով է պատճառաբանում: Նախ, ինչպես ֆիզիկայի, այնպես էլ ռուսաց լեզվի միասնական քննություն հանձնողների մեջ մեծ թիվ են կազմում ռազմական ուսումնական հաստատությունների դիմորդները, որոնց այդ հաստատություններ ընդունելու համար անհրաժեշտ չէ անցողիկ միավոր ստանալ, և կարող են բավարար լինել նաև շատ ավելի ցածր գնահատականները:
Երկրորդ պատճառն, ըստ Իսպիրյանի, այն է, որ ռուսաց լեզուն, ի տարբերություն մյուս օտար լեզուների, ավելի բարդ է, և քննության ժամանակ երեխաներին ծրագրային առումով ներկայացվող պահանջներն ավելին են, քան այլ լեզուների դեպքում: Հիշեցնենք, որ ռուսաց լեզու առարկայով եզրափակվել է միասնական քննությունների առաջին հիմնական փուլը: Երկրորդ փուլը կանցկացվի հուլիսին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]