Վարչապետը կարճատև ելույթից հետո հեռացավ. 2016-ի կատարողականը ներկայացրեց ֆիննախարարը
ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է «ՀՀ 2016 պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանը 3 րոպե տևողությամբ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/26/1070931/]նախաբան-ելույթ[/url] ներկայացնելուց հետո հեռացավ, նշելով, որ բյուջեի կատարողականը կներկայացնի Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Վարդան Արամյանը նշեց, որ 2016թ-ին ընդհանուր պետական պարտքը կազմել է 5,9 մլրդ դոլար, որից Կառավարության պարտքը կազմել է 5,4 մլրդ դոլար, ԿԲ-ի պարտքը՝ 505 մլն դոլար:
ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը Վարդան Արամյանից խնդրեց ներկայացնել, թե ԵԱՏՄ անդամակցությունն ի՞նչ տվեց իրականում, և ի՞նչ կշահեր Հայաստանը կամ կկորցներ, եթե ԵԱՏՄ-ին չանդամակցեր:
Վարդան Արամյանը նշեց, թե անդամակցությունից ակնկալվող դրական հաշվարկները կյանքի կկոչվեին, եթե 2015թ-ի ճգնաժամը չլիներ:
«Տեսանք՝ 15-ին անկում է եղել, և դա խառնում է պատկերը, հաշվարկները եղել են, եթե այդ տնտեսական շոկը չլիներ, գոյություն ունեցող հաշվարկները կյանքի կկոչվեին»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ պետք է նայել, թե ոչ առևտրային սահմանափակումները ինչ ազդեցություն են տվել: Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ից Եվրամիություն արտահանումը ավելի շատ է, բայց այդ արտահանման 92%-ը հումքային ապրանք է, հիմնականում պղինձը, մնացածը՝ պատրաստի արտադրանք է: Իսկ ԵԱՏՄ, մասնավորաբար, ՌԴ, արտահանման 92%-ը պատրաստի արտադրանք է:
«Այս տարիների ընթացքում պղնձի գներն ընկել են 3 անգամ: Հետևաբար սա իր ազդեցությունը պիտի թողներ նաև մեր տնտեսության վրա»,- նկատեց նախարարը: Նա տեղեկացրեց, որ նավթի գների տատանումներն էլ ազդել են ոչ միայն Ռուսաստանի տնտեսության վրա, այլև՝ ՀՀ տնտեսության վրա, որովհետև ՌԴ-ի տնտեսությունը մեծ ազդեցություն ունի ՀՀ տնտեսության վրա:
«Մենք 2-3 խողովակով կախված ենք ՌԴ-ի տնտեսությունից, ու դա բացասական շոկ է նաև մեզ համար»,- ասաց նա:
Արամյանը զեկուցեց, որ ՀՀ-ում տարին ավարտել ենք 0.2 տոկոս տնտեսական աճով, պակասուրդը եղել է 4,3%: