211652_close_icon
views-count2986 դիտում article-date 20:12 23-06-2017

Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը դուրս եկան «Երկիր ծիրանի» խմբակցությունից

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը դուրս են գալիս խմբակցությունից և շարունակելու են իրենց գործունեությունը ավագանիում որպես անկախ անդամներ: Նրանք այս մասին հայտարարեցին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։ «Մենք պարտավորված ենք զգում մեզ քվե տված քաղաքացիների հանդեպ ու չենք կարող չներկայացնել նրանց շահերը»,- ասաց Մնացական Պարակշիևը: Հայկ Պետրոսյանն էլ նշեց, որ մոտակա ժամանակներում որևէ կուսակցություն կամ խմբակցություն չեն պատրաստվում մտնել: «Մենք բազմիցս քննադատել ենք իշխանության գործելաոճը: Սակայն, եթե իշխանությունները ինչ-ինչ հարցերով ցանկանան մեզ հետ համագործակցել, մեր առաջ քաշած խնդիրները լուծել, ապա մենք բաց ենք լինելու համագործակցության»,- ասաց Հայկ Պետրոսյանը: Ի դեպ, Հայկ Պետրոսյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, բայց 2016թ.-ին լքել է այն: Նա հավաստիացրեց, որ չի համագործակցի «Ելք» խմբակցության հետ, որի մաս է նաև իր նախկին կուսակցությունը՝ ՔՊ-ն: Իսկ Մնացական Պարակշիևը եղել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, բայց լքել է կուսակցությունը, երբ Զարուհի Փոստանջյանն առաջարկել է մտնել իր նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցություն: Պարակշիևն էլ վստահեցրեց, որ չի վերադառնա «Ժառանգություն», իսկ ընդդիմադիր «Ելք»-ի հետ համագործակցելու մասին չի մտածել: Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի նկատմամբ անվստահություն էր հայտնել՝ Երևանի քաղաքացու շահերին դավաճանելու համար, և կոչ էր արել վայր դնել մանդատները:

Նմանատիպ նյութեր