«Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է Մասիսի քաղաքապետի հայտարարությանը
Վերջերս մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կոչը Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին՝ տեղիս սպառողներին մատակարարվող ջրի որակի վերաբերյալ: Ըստ քաղաքապետի, «Մասիս քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչներին մատակարարվող ջուրը պիտանի չէ խմելու համար և այն օգտագործելի է միայն կենցաղում»: Ստորեւ ներկայացվում է Վեոլիա Ջուր ՓԲԸ արձագանքը:
Դուք իրավացի չեք, հարգելի քաղաքապետ: Եւ ո՛չ մի առումով: Առաջինը, որովհետեւ Վեոլիա Ջուրը սկսել է սպասարկել Մասիս քաղաքը միայն 2017թ. հունվարի 1-ից, եւ շարունակում է քաղաքին մատակարարել այն ջուրը, որը դուք ստացել եք տասնամյակներ շարունակ: Հարց է առաջանում, ի՞նչ է փոխվել այս ընթացքում եւ ինչո՞վ է պայմանավորված ձեր նմանօրինակ ակտիվությունն ու պահանջկոտությունը մի ընկերության նկատմամբ, որը նոր-նոր է ձեռնամուխ եղել համակարգի կառավարմանը:
Առանց ձեր կոչի էլ. «անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` նշված բնակավայրերին խմելու համար պիտանի ջուր մատակարարելուն», մենք արել ենք, ինչ որ կարող էինք անել այս կարճ ժամանակահատվածում: Եթե դուք իրոք այդչափ հետաքրքրված եք ջրի որակով, ապա պետք է նկատած լինեիք, որ արդեն գարնանը, ապրիլ-մայիս ամիսներին, մեր ընկերությունը փնտրեց ու գտավ տեխնիկական լուծումներ քաղաքին մատակարարվող ջրին միախառնելու համար Գառնիի աղբյուրի բարձրորակ ջուրը: Այո, վերահաս շոգերով պայմանավորված ջրի սպառման ծավալների ավելացման հետ կապված, հետագայում մենք ստիպված էինք վերադառնալ ջրամատակարարման նախկին կարգին, սակայն ապացուցեցինք, ընդ որում գործով, որ տիրապետում ենք իրավիճակին ու իրոք մտահոգ ենք սպառողների խնդիրներով: Այո, ներկայումս քաղաքին մատակարարվող ջուրն իր որակով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, բայց համապատասխանում է Հայաստանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին:
Այնուամենայնիվ, մենք ամեն ինչ կանենք ժամանակի ընթացքում Մասիսին ավելի բարձր որակի ջրով ապահովելու համար, որովհետեւ ներկայումս գործող ջրամատակարարման կարգի առաջին հակառակորդը հենց Վեոլիա Ջուրն է: Քանզի այդ ջուրը շատ թանկ է, բառիս ուղղակի իմաստով: Այն ստացվում է Արարատյան դաշտի խորքային հորերից, պոմպերի միջոցով, որոնք զգալի էլեկտրաէներգիա են սպառում ու լրացուցիչ ֆինանսական ծախսեր պահանջում: Մինչդեռ վարձակալության սկզբունքով աշխատող մեր ընկերությունը շահագրգիռ է ծախսերի կրճատմամբ:
Պարոն Համբարձումյան, մեզ հասկանալի է ձեր մտահոգությունը, բայցեւայնպես, հորդորում ենք հանդես չգալ քաղաքին ջրով ապահովողի դերում, դա այնուամենայնիվ մեր գործառույթն է: Ձեզանից, որպես քաղաքապետի, մենք ակնկալում ենք ոչ թե ժողովրդին ականջահաճո կոչ, այլ իրական օգնություն Մասիսի ջրամատակարարման բարելավման գործում:
Ջրամատակարարումը փողոց է երկկողմանի շարժումով: Եվ վերջինս այնքան արագ կկարգավորվի, որքան ակտիվորեն տեղական իշխանությունները կընդհառաջեն Վեոլիա Ջրի նախաձեռնություններին:
Եկեք վերածենք ամբոխահաճ մենախոսությունը գործարար երկխոսության:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ
[/b]