Լրագրողների դեմ բռնություններն առերևույթ կատարված իրավախախտումներ են, դրանք պետք է արագ բացահայտվեին. Արա Ղազարյան
««Էլեկտրիկ Երևանից» երկու տարի է անցել: Իմ փորձից ելնելով ասեմ, որ քրեական գործեր հարուցված են, քննություն է կատարվում, բայց արդեն երկու տարի է անցել, որն ավելին է, քան ողջամիտ ժամկետը, որ քննությունն արդյունավետ չէ: Դրանք դեպքեր են, որոնք կատարվել են ոչ թե որևէ անձի մասնավոր տարածքում, այլ ի տես ողջ հանրության, այն էլ՝ լրագրողների ներգրավմամբ: Դա նշանակում է, որ այդ դեպքերը ֆիքսվել են:
Այսինքն՝ դրանք առերևույթ կատարված իրավախախտումներ են և պետք է, որ դրանց բացահայտումը շատ արագ կատարվեր»,- այսօր «Լրագրողների անվտանգությունն ու մասնագիտական գործունեության խոչընդոտները. հայաստանյան զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արա Ղազարյանը:
Նրա խոսքով՝ ունենալ 20-ից ավելի դեպք և ունենալ 4 դատական ակտեր, որոնք տուգանքով են ավարտվել, բայց ունենալ 15-17-ից ավելի գործեր, որոնք դեռ նախաքննության փուլում են, և միայն մեկ կամ երկու քննչական գործողություն կատարել երկու տարում, բնականաբար, բավարար չէ:
«Գալիս է այն պահը, որ երկու տարվա ձգձգումը հատում է ողջամտության սահմանը, որը, որպես կանոն, պահանջում է քննությունը: Նշանակում է՝ արդեն հայացքը պետք ուղղենք միջազգային ատյաններին: Մի քանի դեպքերով, այդ թվում նաև «Էլեկտրիկ Երևանի» գործերով, համակարգված գործընթաց է ընթանում: Հուսով եմ՝ շուտով ՄԻԵԴ-ը կանդրադառնա այդ գանգատներին»,- ասաց Արա Ղազարյանը:
Լրագրող Թեհմինե Ենոքյանը, որը ներգրավված է երկու դատական գործերում՝ դեկտեմբերի 2-ի և «Էլեկտրիկ Երևանի» գործերում, աբսուրդ համարեց այն, որ դատարանը պահանջում է, որպեսզի իրենք ապացուցեն, որ իրենց ոստիկանություն տանող անձը եղել է ոստիկան:
«Ստացվում է՝ ոստիկանության մարմինը ոստիկանին չի ճանաչում: Կամ՝ ՀՀ վարչական դատարանը չորս ամիսը մեկ է նիստ նշանակում, մինչդեռ մյուս գործերով գոնե ամիսը մեկ կամ 40 օրը մեկ նիստ նշանակվում է»,- ասաց Թեհմինե Ենոքյանը: