211652_close_icon
views-count3905 դիտում article-date 14:18 22-06-2017

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

ՀՀ ԱԺ նախագահի ելույթում ասվում է. «Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, նախ շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ խմբակցություններին կառավարության ծրագրի շահագրգիռ քննարկման համար: Միեւնույն ժամանակ ուզում եմ հատուկ նշել, որ առաջին անգամ, գոնե իմ հիշողության մեջ, երկրի վարչապետը ներկա է Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ողջ ընթացքին: Հարգելի գործընկերներ, բոլորիս նպատակն է ստեղծել զարգացած, արդար եւ անվտանգ պետություն, որտեղ մեր քաղաքացիները կարողանան աշխատել, ստեղծագործել եւ իրականացնել իրենց երազանքներն ու ցանկությունները, տեսնեն իրենց երեխաների արժանապատիվ ապագան: Այս ամենի կենտրոնում պետք է լինի մարդը, մեր քաղաքացին: Նույնիսկ ամենահանճարեղ ծրագիրը չի կարող հաջողություն ունենալ, եթե դրա միջոցառումների, գործողությունների, անգամ տողերի մեջ հոգատարություն չլինի քաղաքացու նկատմամբ: Հարգելի գործընկերներ, մեզ համար չափազանց կարեւոր է անվտանգության գործոնը, քանի որ ունենք արկածախնդիր հարեւաններ, ովքեր այդպես էլ չեն հրաժարվում Արցախի հարցն ուժային ճանապարհով լուծելու մտադրությունից: Արցախի հարցը մեր անվտանգության ու ապահովության կարեւորագույն բաղադրիչն է: Ազգ-բանակ գաղափարը, ինչպես նաեւ յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է մեր սահմանների անվտանգությանը, սպառնալիքների չեզոքացմանը, զինված ուժերի արդիականացմանը, նրանց մարտունակության բարձրացմանը, ուղղակիորեն առնչվում է այդ հարցին: Անվտանգ Հայաստան ասելիս մենք կարեւորում ենք ոչ միայն արտաքին, այլեւ ներքին անվտանգությունը: Երկրի կայունությունը եւ հասարակության համերաշխությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը դրա կարեւորագույն երաշխիքներից են: Ընդ որում, մարդու իրավունքը, այդ թվում երեխաների, տարեցների, հաշմանդամների, կանանց իրավունքը, պետք է բազմակողմանի իրացվի եւ ընկալվի բոլորիս կողմից: Ազատ արտահայտվելու եւ դրսեւորվելու իրավունքից բացի, այն նաեւ աշխատելու ու ստեղծագործելու, բուժօգնություն ու կրթություն ստանալու, սոցիալապես պաշտպանված լինելու իրավունք է: Պետությունը չի կարող զարգացած լինել, եթե նրա քաղաքացին չունի բավականաչափ կենսամակարդակ եւ արժանապատիվ ապրելակերպ, չի կարող ամուր լինել, եթե նրա քաղաքացին չունի արդարության, պաշտպանվածության եւ ապահովության զգացողություն, չի կարող առողջ լինել, եթե նրա քաղաքացին չունի պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորություն: Հարգելի գործընկերներ, կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը նախատեսում է համապատասխան երաշխիքներ ապահովել վերը նշված նպատակներին հասնելու համար: Այս փաստաթուղթը կառավարության պարտավորությունների եւ գործողությունների համադրումն է առաջիկա հինգ տարիների համար: Յուրաքանչյուր ոլորտի համար կառավարությունն առանձնացրել է միջոցառումներ եւ քայլեր՝ ամրագրված հստակ ժամկետներով: Ներկայացնելով իր գործունեության ծրագիրը` կառավարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ պատրաստ է ապահովել կայուն տնտեսական աճ, ստանձնել առկա խնդիրների լուծումը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում: Ամրագրելով, որ հասարակության բարեկեցության լավագույն բանալին տնտեսական աճն է՝ կառավարությունը դա նախատեսում է գործնականում արտահայտել արժանավայել աշխատավարձերի եւ կենսաթոշակների, աշխատատեղերի ստեղծման, հասանելի ու մատչելի բուժօգնության միջոցով: Սոցիալական արդարության սկզբունքը պետք է հիմնաքար դառնա հասարակության համար շատ զգայուն առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտներում: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով կառավարությունը ձգտում է ավելի արդյունավետ օգտագործել մեր անգին կապիտալը` մարդկային ռեսուրսը, նրա զարգացման համար ստեղծել նոր աշխատատեղեր եւ ավելի բարենպաստ պայմաններ: Կառավարությունն առանցքային է համարում պետական կառավարման որակի եւ արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ հանրության առջեւ իշխանության պատասխանատվության եւ հաշվետվողականության ապահովումը: Հարգելի գործընկերներ, մենք պետք է ազնիվ լինենք, մենք պետք է բարեխիղճ լինենք, մենք պետք է մարդասեր լինենք, մենք պետք է ամեն օր, ամեն րոպե մտածենք մեր ժողովրդի վաղվա մասին, վստահենք մեր կառավարությանն ու շարունակենք միասին կառուցել ապահով եւ անվտանգ Հայաստան, իրավունքի Հայաստան, արդարության եւ վստահության Հայաստան, որտեղ գերագույն արժեքը մարդն է: Ուստի, առաջարկում եմ հավանության արժանացնել այս կարեւոր փաստաթուղթը վարչապետի կողմից իր եզրափակիչ ելույթում նշած փոփոխություններով՝ վստահ լինելով, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով, իսկ այս ծրագիրը բխում է մեր քաղաքացու եւ մեր երկրի շահերից»:

Նմանատիպ նյութեր