Դերժավայի Արկադի ներմուծած մանկական կերի վրա բացակայում է հայերեն մակնշումը. ստուգում է սկսվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է սկսել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ) պատկանող ընկերությունում:
Բանն այն է, որ «Հետք» էլեկտրոնային պարբերականն օրերս գրել էր. որ «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերի վրա բացակայում է դրա բաղադրության վերաբերյալ հայերեն մակնշումը: Մինչդեռ ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են կառավարության որոշմամբ:
ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ ստուգումը սկսել են երեկ, որը կտևի 2 օր «Ներմուծողի մոտ «Սլավ գրուպ»-ում, դիտարկման հրաման է տրվել՝ մակնշման հնարավոր խախտումները հայտնաբերելու և շտկելու նպատակով: Դիտարկման ավարտին կներկայացնենք նաև արդյունքները»,- Armtimes.com-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը: Նրա խոսքով, վերահսկողության դիտարկման արդյունքում պետք է հայտնաբերվի խախտումը. նոր դրա հիման վրա տրվի հանձնարարական՝ կախված խախտման բնույթից:
«Սլավ գրուպ» ընկերության հետ էր կապված այս տարվա հունվարին բարձրացված աղմուկը, երբ սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածվեց, որ ընկերության ներկրած մանկական կերն արտադրվել է Ադրբեջանում: Այդ լուրը հետագայում հերքվեց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]