Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան
Եվրամիությունը մտահոգված է տարածաշրջանում տիրող իրադրությամբ: [url=https://armenpress.am/arm/news/895624/haravayin-kovkasi-harcerov-em%C2%A0-hatuk-nerkayacucich-herbert.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտու իրավիճակին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ գործ են անում այս բավականին դժվար միջավայրում, որտեղ բազմաթիվ են մարտահրավերները: Մենք՝ որպես Եվրամիություն, մեր աջակցությունն ենք արտահայտում Մինսկի խմբի համանախագահությանը: Մի քանի օրվա ընթացքում՝ հուլիսի սկզբին, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը լինելու է Հայաստանում: Նրա այցելությունն այստեղ ապացույցն է նրա, որ ԵՄ-ն մեծապես կարևորում է և մտահոգ է նրանով, ինչ տեղի է ունենում այստեղ: Մեր հիմնական դերը միջնորդների ջանքերին աջակցելն է, բայց պատրաստ ենք նաև լրացուցիչ աջակցություն ցուցաբերել խաղաղության գործընթացին, այդ թվում հակամարտությանը հաջորդող վերականգնման շրջանում»,-ընդգծեց ԵՄ ղեկավարը:
Նա իր զորակցությունը հայտնեց օրերս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից դրսևորված ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին՝ շեշտելով, որ խաղաղության հաստատումը պետք է լինի տարածաշրջանի առաջնահերթություններից մեկը:
«Տխուր է, իհարկե, քանի որ խոսք է գնում մարդկային կորուստների մասին. նրանք երիտասարդներ են, ում ամբողջ կյանքը դեռ առջևում էր: Ռեժիմի խախտման դեպքերը մտահոգիչ են, որովհետև այսպիսի խաղաղությունը կարող է շատ փխրուն լինել. եկեք փորձենք աշխատել հանուն խաղաղության ու չկորցնենք մեր հույսը»,- եզրափակեց Պյոտր Սվիտալսկին: