Կուսակցությունները ժողովրդի համար ճակատագրական պահին կարողանում են միավորվել. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետությունում շարունակվում է Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը, որին մասնակցում են խորհրդարանական և արտախորհրդարանական 15 կուսակցություններ Հայաստանից և 6-ը՝ Արցախից:
«Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումների անցկացումն Ստեփանակերտում դարձել է բարի ավանդույթ: Քաղաքական նման համաժողովները լավ հարթակ են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համաշխարհային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու և դրանց մասին ավելի խոր պատկերացում կազմելու համար»,- նշել է Բակո Սահակյանը:
Բակո Սահակյանն ասել է, որ ֆորումին մասնակցում են կուսակցություններ, որոնք տարբեր ծրագրեր, գաղափարախոսություններ, քաղաքական նպատակներ ունեն, հաճախ հանդես են գալիս որպես մրցակիցներ, ինչը նրա գնահատմամբ նորմալ է, բնորոշ է ժողովրդավարական հասարակությանը: Այս ամենի հետ մեկտեղ հայկական քաղաքական դաշտը ներկայացնող ուժերը, Բակո Սահակյանի դիտարկամամբ, հայ ժողովրդի համար ճակատագրական պահին կարողանում են միավորվել ու միասնական ուժերով պաշտպանել ժողովրդի, պետության շահերը:
ԱՀ Նախագահը նկատել է, որ քաղաքական ուժերը հատկապես միասնաբար են հանդես գալիս Արցախի ներկայի ու ապագայի հետ կապված հարցերում: