211652_close_icon
views-count2768 դիտում article-date 10:15 24-04-2016

Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք հայ ժողովրդի բոլոր բարեկամներին. Բակո Սահակյան

Մեր հակառակորդը չի փոխվել, սակայն փոխվել է մեր ժողովուրդը: Այս մասին ասված է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ արված ուղերձում: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի ժողովուրդը համայն հայության հետ միասին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 101 տարի առաջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ թուրքական յաթաղանի զոհ դարձավ մեկուկես միլիոն հայ՝ ծերեր, երեխաներ, կանայք։ Մի ողջ ժողովուրդ զրկվեց հայրենիքից, սեփական հող ու ջրից եւ բռնեց գաղթի ճամփան՝ սփռվելով աշխարհով մեկ։ Ցավոք, ցեղասպանության փորձեր են կատարվում նաեւ մեր օրերում, եւ եթե ժամանակին Մեծ եղեռնը ճանաչվեր ու դատապարտվեր միջազգային հանրության կողմից, չէին լինի միլիոնավոր նոր անմեղ զոհեր աշխարհի տարբեր ծայրերում: Թե՛ 1915-ի այն ողբերգական օրերին եւ թե՛ այսօր, երբ հայ ժողովուրդը պայքարում է հանուն ազատ ու անկախ ապրելու իր իրավունքի, հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մենք զգացել եւ զգում ենք տարբեր երկրների, աշխարհի բազմաթիվ մարդկանց աջակցությունը, նրանց, ում համար արդարությունը, մարդասիրությունը, համամարդկային արժեքների պաշտպանությունը վեր են ամեն ինչից: Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք հայ ժողովրդի բոլոր բարեկամներին։ Մեր հակառակորդը չի փոխվել, սակայն փոխվել է մեր ժողովուրդը։ Այսօր հայը աշխարհին է ներկայանում հայկական երկու հանրապետություններով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությամբ եւ իր պատմական հողում ապրելու ու արարելու անսասան վճռականությամբ։ Այս ապրիլյան օրերին աշխարհասփյուռ հայությունը կրկին ոտքի կանգնեց մեկ մարդու պես եւ ապացուցեց աշխարհին, որ իր հայրենիքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար պատրաստ է եւ կանի ամեն ինչ, կանի իր քաջ որդիներով ու հերոսական բանակով, իր միասնականությամբ ու անպարտելի ոգով»:

Նմանատիպ նյութեր