211652_close_icon
views-count4034 դիտում article-date 10:24 17-06-2017

Կառավարությունը մտադիր է աշխատել «ձեռքի հետ» կամ «ինչ ստացվեց՝ ստացվեց» սկզբունքով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն հաջորդ շաբաթվա սկզբին ՀՀ կառավարու­թյունը արտահերթ նիստ կա­նի և հավանության կարժանացնի իր նոր ծրագիրը: Սպասվում է նաև, որ հենց նույն նիստում կորոշվի դի­մել Ազգային ժողով՝ ար­տահերթ նիստ գումարելու առաջարկով, որի օրակար­գում էլ հենց կլինի կառավարության նոր ծրագիրը: Չնայած կառավարության նախագիծը դեռ չի հրապարակվել, բայց նախօրեին ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե տարեկան միջին տնտեսական աճը առաջիկա 5 տարիներին պետք է կազմի 5 տո­կոս: Եվ սա ՀՀԿ խոսնակը համա­րում է հավակնոտ թիրախ: Այ­սինքն՝ տարեկան 5 տոկոսով տն­տեսությունը աճեցնելը համարվում է դժվարին խնդիր: Նշենք, որ զարգացող տնտեսու­թյունների համար 5 տոկոս տնտե­սական աճը շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան զարգացած երկրների համար: Օրինակ՝ արևմտաեվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի կամ Ճապոնիայի համար այդպիսի ցու­ցանիշ ապահովելը ֆանտաստիկայի ոլորտից է, քանի որ այդ երկրներում համախառն ներքին արդյունքն արդեն իսկ շատ բարձր է: Իսկ այսպես կոչված՝ «զարգացող» երկրների համար, որոնց թվում է նաև Հայաստանը, 5 տոկոսը, կա­րելի է ասել, պարտադիր սահմանաչափ է, քանի որ համեմատության բազան շատ ցածր է, տնտեսա­կան աճի շատ ավելի մեծ հնարա­վորություններ կան: Սահմանելով աճի 5 տոկոսանոց նշաձող՝ կառավարությունը փաս­տորեն մտադիր է աշխատել այնպես՝ «ձեռքի հետ» կամ «ինչ ստացվեց՝ ստացվեց» սկզբունքով: Ու սա ոչ մի դեպքում չի կարելի համարել «հավակնոտ»: Պատկերա­վոր ասած, այդքան տնտեսական աճ կարող է ստացվել, եթե կառա­վարությունը ընդհանրապես չխառնվի տնտեսության գործերին: Եթե ավելի պատկերավոր լինենք, ապա այսպիսի արդյունք ստանալու դեպքում բավարար կլինի, որ յուրաքանչյուր արտադրող տարեկան ըն­դամենը 5 տոկոսով ընդլայնի իր արտադրությունը, իսկ նոր արտադ­րություններ չհիմնվեն: Արդյո՞ք սա հավակնոտ ծրագիր է մի երկրի կա­ռավարության համար, որը պատե­րազմի մեջ է և որի տնտեսությունը այդ պատերազմում տանուլ չտալու, երկիրը դատարկվելու հեռանկարից զրկելու գլխավոր գրավականն է: Ուրեմն ի՞նչ է ստացվում: 2011 թվականին մեր ՀՆԱ-ն կազմում էր 10.1 միլիարդ դոլար: 2016 թվակա­նին մեր ՀՆԱ-ն կազմեց 10.3 միլի­արդ դոլար: Տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ունենալու դեպքում, հինգ տարի անց մեր ՀՆԱ-ն կլինի, ասենք, 13 միլիարդ դոլար: Ստաց­վում է, որ 10 տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն կաճի ընդամենը 30 տո­կոսով: 13 միլիարդ դոլարանոց տն­տեսություն ունեցող երկիրը պետք է կարողանա դիմագրավել օրեցօր աճող մարտահրավերների՞ն: Այդ­պիսի տնտեսություն ունեցող երկ­րում բնակչությանը կսկսի աճե՞լ...: Եվ դա մեր երկրի ծնունդից 30 տա­րի անց: Եթե Հայաստանը լիներ այնպիսի միջավայրում, ինչպես, օրինակ՝ Սկանդինավյան երկրները կամ Խաղաղ օվկիանոսի կղզինե­րը, մենք կարող էինք մեզ թույլ տալ թուլանալ ու հաճույք ստանալ: Մեր դեպքում իրավիճակը բոլորովին այլ է՝ արմատապես այլ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր