211652_close_icon
views-count2510 դիտում article-date 17:00 13-06-2017

Դեսպան Սարգսյանը Բուլղարիայի փոխվարչապետին ներկայացրել է երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավոր ուղղությունները

Հունիսի 12-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի վարչապետի տնտեսական և ժողովրդագրական քաղաքականության հարցերով տեղակալ Վալերի Սիմեոնովի հետ: Հանդիպմանը դեսպան Սարգսյանը շնորհավորեց Վալերի Սիմեոնովին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու պաշտոնում: Քննարկվեցին երկկողմ տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Սարգսյանը փոխվարչապետին համառոտ ներկայացրեց հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավոր ուղղությունները՝ ընգծելով տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղմթերքի վերամշակման ոլորտները: Դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիները՝ կոչ անելով Բուլղարիայի կառավարությանն աջակցել այն ընկերություններին, որոնք ցանկություն կհայտնեն ներդրումներ կատարել Հայաստանում: Որպես համագործակցության հնարավոր ոլորտ նշվեց նաև հանքային ջրերի արտադրության և դրանց հիման վրա վերականգնողական և բուժական հաստատությունների ու հանգստյան տների կառուցման, ինչպես նաև համատեղ շահագործման հնարավորությունը՝ հաշվի առնելով այդ բնագավառում բուլղարական կողմի մեծ փորձը: Փոխվարչապետին տրամադրվեցին նյութեր Հայաստանի գործարար միջավայրի, տնտեսական ազատ գոտիների և ներդրումային բազմազան ծրագրերի վերաբերյալ՝ շահագրգիռ մարմիններին և ընկերություններին փոխանցելու խնդրանքով։ Փոխվարչապետ Սիմեոնովը կարևորեց երկկողմ համագործակցության խորացաման անհրաժեշտությունը և այս հարցում առկա մեծ ներուժի օգտագործումը: Զբոսաշրջության զարգացման նպատակով փոխվարչապետն ընդգծեց Երևան-Սոֆիա ուղիղ օդային կապի հաստատման և երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների փոխգործակցության ակտիվացման, ինչպես նաև երկու երկրներում փոխադարձ ճանաչելիության բարձրացման անհրաժեշտությունը: Դեսպանը նշեց, որ Հայաստանի և Բուլղարիայի մի շարք քաղաքներ և մարզեր հաստատել են բարեկամական կապեր, սակայն անհրաժեշտություն է առաջանում ակտիվացնելու այդ համագործակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով նպաստել այդ հարաբերությունների աշխուժացմանը։

Նմանատիպ նյութեր