Առաջիկայում Իրանը ևս 20 տոննա ծանր ջուր դուրս կբերի երկրից
Իրանi իշխանությունները պատրաստվում են առաջիկայում երկրից արտահանել ևս 20 տոննա ծանր ջուր, որը կիրականացվի համապարփակ համաձայնագրի շրջանակներում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։
«Չեմ կարող ասել՝ որտեղ, սակայն դա տեղի կունենա առաջիկայում»,-լրագրողների հետ հանդիպմանը նշել է Ամանոն։
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ Թեհրանը ՄԱԳԱՏԵ-ին տեղեկացրել է իր մտադրության մասին։
Ըստ Reuters-ի տվյալների՝ մայիսի 16-ի դրությամբ Իրանում ծանր ջրի պաշարները կազմել են 128.2 տոննա։ Սահմանաչափը 130 տոննա է։