211652_close_icon
views-count5548 դիտում article-date 18:33 12-06-2017

Համանախագահների նման հանդիպումները նպաստում են խաղաղության և կայունության պահպանմանը. Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նման այցերը կարևոր են, որովհետև հանդիպումների ժամանակ խաղաղ գործընթացները շարունակական բնույթ են կրում, և սա դրա վառ ապացույցն է: Այս մասին «[url=http://artsakhpress.am/arm/news/67912/hamanakhagahneri-nman-handipumnery-npastum-en-khaxaxutyan-ev-kayunutyan-pahpanmany-davit-babayan.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը և նշել, որ հանդիպումների ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր, նաև ընթացիկ, որոնք նույնպես կարևոր են: Դ. Բաբայանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նման հանդիպումները նպաստում են խաղաղության և կայունության պահպանմանը: «Ընդհանրապես, մենք պետք է միշտ բանակցային գործընթացը դիտարկենք 2 հարթություններում, առաջինը՝ բուն կարգավորման, մյուսը՝ խաղաղության և կայունության պահպանումը տարածաշրջանում: Բուն կարգավորման համար դեռևս երկար ճանապարհ պետք է անցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը ունեն գրեթե իրարամերժ մոտեցումներ. հատկապես Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ հույս չի ներշնչում, որ շուտափույթ կամ մոտ ժամանակներում կլինի կարգավորում: Դրա համար հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա,- ասել է Դ. Բաբայանը և նշել,- այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, հակամարտության կարգավորման վերաբերյալ և ընդհանրապես Արցախի իրավիճակի ներքին զարգացման, նոր մեխանիզմների ներդրման շուրջ, որոնք թույլ կտան ավելի ամուր պահել զինադադարի ռեժիմը: Նախագահն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական վերջին հայտարարությունը: Նշել է, որ շատ կարևոր է ընդհանրապես հասցեական հայտարարություններով հանդես գալը»:

Նմանատիպ նյութեր