Իրանի խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են
Իրանի խորհրդարանում առավոտյան 10:15-ին սկսված ահաբեկչական գործողությունն ավարտվել է մոտ հինգ ժամ անց:
Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը` խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են:
Երկու ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել` 42-ը:
Անվտանգության ուժերն այժմ հարձակումների հետևանքների վերացման գործողություն են իրականացնում խորհրդարանի շենքում:
Հայտնի է, որ հաբեկիչները խորհրդարան էին մտել կանանց հագուստով:
Երկրի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանում նախատեսվում էր իրականացնել երեք ահաբեկչական հարձակում, որոնցից մեկը տապալվել է, իսկ դրա հեղինակները ձերբակալվել են մինչ հարձակման իրականացումը:
Մյուս երկու հարձակումները տեղի են ունեցել խորհրդարանի շենքում և Իմամ Խոմեյնիի դամբարանում: Նախարարության համաձայն՝ դամբարանում մահապարտ ահաբեկիչներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի կողմից, մյուսը հասցրել է պայթեցնել իրեն: