Հովսեփ Սիմոնյանի տրամադրությունը բարձր է․ նրան նոր պաշտոն են առաջարկելու․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ին տեղեկություն է հասել, որ Շիրակի մարզպետարանում աշխատակիցների զգալի մասը, և հատկապես ՀՅԴ-ականները խորը ընկճախտի մեջ են, կառույցում «սուգ» է:
Պատճառը Շիրակի մարզպետի առաջիկա փոփոխությունն է ՀՅԴ-ականների համար կուսակցության էլիտայի կտրուկ որոշումն անակնկալ է եղել: Խոսվում է, որ Երևանից ժամանող մարզպետն ավելի շատ մտահոգություն է առաջացրել որոշ կուսակից ընկերների համար, քան՝ ՀՀԿ-ականների: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը փորձում է դիվանագիտորեն թաքցնել լարված իրավիճակը: Սակայն միաժամանակ անհասկանալի է, թե ինչ մտավախություն կա մեկ այլ կուսակից ընկերոջ հետ աշխատելուց: Սրան զուգահեռ բարձր է մարզպետի աթոռը Արթուր Խաչատրյանին զիջող Հովսեփ Սիմոնյանի տրամադրությունը: Վերջինս Armtimes.com -ի հետ զրույցում նշում է, որ մարզպետի փոփոխությունը իր գործընկերներին չի ուրախացրել, տխրողներ կան, բայց ինքը հորդորել է իր կուսակից ընկերոջից չկաշկանդվել:
Սիմոնյանն ասում է, որ առաջիկայում նոր աշխատանք են առաջարկելու: Պաշտոնն անհայտ է, թեև աշխատավայրը, ըստ նրա, Երևանում է: «Ինձ նոր պաշտոն են առաջարկելու, որը շատ կարճ ժամանակում պարզ է լինելու, թե ինչ է»,- ասում է Շիրակի դեռևս գործող մարզպետը և ավելացնում, որ ինչ ոլորտում էլ աշխատանք առաջարկեն, խնդիրներ չի ունենա, քանի որ մարզպետի պաշտոնը փոխկապակցված է եղել բոլոր ոլորտների հետ: Հովսեփ Սիմոնյանը դժվարանում է պատասխանել, թե մարզպետի փոփոխությունը հանրապետության աղքատ մարզին ինչ է տալու:
«Ժամանակը ցույց կտա, թե փոփոխությունը ինչ է տալու, բայց ես կուզենայի, որ փոփոխության արդյունքում ավելի մեծ հաջողություններ ունենանք: Դա մեր բոլորի հաջողությունը կլինի: Պետք է բոլորս նոր մարզպետի կողքին լինենք, որ նա կարողանա լավ աշխատել»,- կարծում է Սիմոնյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]