ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացված Ջեյմս Քոմին ելույթով հանդես կգա Կոնգրեսում
ԱՄՆ ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմին հունիսի 8-ին կներկայանա Կոնգրես, որտեղ պատասխանելու է 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին Սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամների հարցերին, հաղորդում է Reuters-ը։
Սպասվում է, որ Քոմին մեկնաբանելու է տեղեկությունն այն մասին, որ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է համոզել իրեն, որպեսզի նա դադարեցնի նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննի հանդեպ հետաքննությունը, ով արդեն իսկ հեռացել է այդ պաշտոնից Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ ունեցած կապերը թաքցնելու համար։
Նախօրեին CNN հեռուստաալիքը հայտնել է, որ Քոմին պատրաստ է պատմել այն մասին, թե ինչ է քննարկել Թրամփի հետ։