211652_close_icon
views-count7122 դիտում article-date 20:55 01-06-2017

Իրանական ընկերության հետ քննարկվել է Հայաստանում տոհմային ճտերի արտադրության կազմակերպման հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր ընդունել է իրանական թռչնաբուծական «Մորղփարվար» ընկերության հիմնադիր տնօրեն Հոսեյնղոլի Լոթֆիին: Հոսեյնղոլի Լոթֆին տեղեկացրել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացնել երկարաժամկետ գործունեություն տոհմային ճտերի արտադրության կազմակերպման ուղղությամբ: «ՀՀ կառավարությունը խնդիր է դրել փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի մենք ողջունում ենք Ձեր նախաձեռնությունը և հայտնում մեր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Ձեզ Հայաստանում արտադրության կազմակերպման ուղղությամբ», - նշել է փոխնախարարը: Այնուհետև Աշոտ Հարությունյանը Հոսեյնղոլի Լոթֆիի խնդրանքով համառոտ ներկայացրել է Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը, առաջնային հարցերը, ինչպես նաև այս ոլորտում գործող օրենսդրական դաշտը: Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը` նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև հետագայում պատրաստի արտադրանքը արտահանել դեպի ԵՏՄ շուկա: Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է բարձրորակ արտադրանքի ապահովման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրության կազմակերպմանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր