211652_close_icon
views-count7995 դիտում article-date 23:14 31-08-2018

Կարագի փոխարեն բուսայուղ. «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության հանդեպ hարուցվել է վարչական վարույթ. ՏՄՊՊՀ

Այսօր կայացել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստ, որտեղ հարուցվել է վարչական վարույթ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ ընկերության հանդեպ: ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից հայտնում են, վարչական վարույթի հիմք է հանդիսացել «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված «Արզնի Կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում. լաբորատոր փորձաքննության արդյունքները» հոդվածը: Փորձաքննության են ներկայացվել ընդհանուր առմամբ 11 անվանում լայն տարածում ունեցող տեղական և ներկրված սերուցքային կարագի տեսակներ, որից պարզվել է, որ «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության կողմից արտադրված «Արզնի կաթ» 72.5% յուղայնությամբ տուփով կարագի բաղադրության մեջ առկա է բուսական յուղ: Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է «Ստանդարտ Դիալոգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հաստատված թիվ 788 փորձարկման արձանագրությունը, որից պարզվել է, որ ընկերության կողմից արտադրվող կարագի բաղադրությունում առկա է բուսական յուղ և նշված ապրանքը չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով նախատեսված «Կարագ» ապրանքի բնութագրին: Տեղեկացնենք, որ ըստ կանոնակարգի, կարագ է համարվում կաթնային մթերքը, որում գերակշռող բաղկացուցիչ մասը կաթնային ճարպն է և որն արտադրվել է բացառապես կովի կաթից: Տվյալ պարագայում, «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության կողմից արտադրված «Արզնի կաթ» ապրանքային նշանով «կարագ» անվանումով ապրանքը որպես «կարագ» մակնշելը այն դեպքում, երբ փորձաքննության արդյունքում կազմված փորձարկման արձանագրության համաձայն նշված ապրանքի բաղադրության մեջ հայտնաբերվել է բուսական յուղ, և այդ ապրանքը Կանոնակարգի իմաստով հնարավոր է չի հանդիսանում «կարագ», կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ: Վարույթի ընթացքում հաշվի կառնվեն լրատվամիջոցի կողմից ներկայացված փաստերը, ինչպես նաև ՀՀ Մրցակցային մարմինը լրացուցիչ փաստական ուսումնասիրություն կիրականացնի՝ մրցակցային օրենսդրության խախտման, մասնավորապես տնտեսվարողի կողմից հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսևորման առնչությամբ, որից հետո Հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը

Նմանատիպ նյութեր