211652_close_icon
views-count2705 դիտում article-date 10:58 01-06-2017

ԱԺ-ից դուրս մնացած ուժերը պետք է դուրս գան «մանթրաժից». «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «5-րդ գումարման Ազգային ժողովում 6 խմբակցություն կար: Ներկայումս դրանք 4-ն են, զուտ թվաբանական առումով դա հետընթաց է` որքան բազմազան, այնքան լավ: Բացի այդ, որքան շատ են չբավարարված հավակնություններով քաղաքական ուժերը, այնքան վատ: Դժվար է այդ «չբավարարված» վիճակով մտքերն ուղղել կառուցողական հուն. երբ չես հասել քո նպատակներին, ապա նեղվում ես ոչ միայն իշխանություններից, այլև խորհրդարան անցած ընդդիմադիրներից, որոնց այս պարագայում պարտադիր անվանելու ես «ծախված» և «վերահսկվող»: Բայց խորհրդարան չանցնելը դեռևս աշխարհի վերջը չի: Եթե կան գաղափարներ, ապա դրանք կարելի է իրագործել նաև խորհրդարանից դուրս գտնվելով: Մանավանդ, որ ներկայումս գաղափարներ քարոզելու համար բազմաթիվ հարթակներ կան: Եթե դրանք ավելի օրիգինալ են, քան «երկիրը կործանվում է» և «այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա» բանաձևերը, ապա դրանք կարող են հետաքրքիր լինել հասարակության կամ, համենայնդեպս, դրա որոշակի շերտերի համար: Ինչ պետք է անի արտախորհրդարանական ընդդիմությունը: Նախ` դուրս գա շոկային վիճակից կամ, ավելի պարզ լեզվով ասած` «մանթրաժից»: Դա, իհարկե, վաղ թե ուշ տեղի կունենա, պարզապես պետք չէ, «ազգային մենթալիտետի» համաձայն, ամիսներով «դարդ անել»: Հետագա քայլերը կարող են լինել. 1/ ընտրություններում թույլ տրված սեփական սխալների անաչառ վերլուծությունը և գնահատականը (ցանկալի է` հրապարակային), 2/ առաջիկա 5 տարիների գաղափարական և քարոզչական ուղղությունների ճշգրտումը, 3/ նոր դաշնակիցներ և համախոհներ փնտրելը: Վերջին կետի վրա կցանկանայի մի փոքր կանգ առնել: Դաշինքները մեզ մոտ սովորաբար ստեղծվում են ընտրություններից 2-3 ամիս առաջ և զուրկ են ոչ միայն գաղափարական ընդհանրություններից, այլև մարտավարության մասին համատեղելի պատկերացումներից ու հենց այդ պատճառով էլ շատ արագ կազմալուծվում են: Ինձ թվում է՝ բանակցությունները քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ պետք է սկսել հենց հիմա՝ շոշափելով այն առանցքը, որի շուրջ հնարավոր է համախմբվել: Միայն առաջին հայացքից է թվում, որ հաջորդ ընտրություններին շատ ժամանակ է մնացել: Իհարկե, կարող է լինել նաև հետևյալ մոտեցումը՝ միևնույն է, ոչինչ չի ստացվի, մինույն է, ինչ էլ անենք, իշխանությունները կեղծելու են և այլն: Այդպես մտածողներին թերևս չարժե զբաղվել քաղաքականությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր