Վանաձորի քաղաքապետը գործում է եվրոպական արժեքների դեմ, բայց ցանկանում է գործակցել ԵՄ-ի հետ․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Վանաձորի ավագանու ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական անդամները կրկին առանց մեծամասնության, առանց քվորումի ավագանու նիստ էին գումարել: Օրակարգում մի քանի հարց է եղել՝ ճանապարհների անվանակոչում, պարգևների տրամադրում, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության հարց:
Մինչդեռ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանի խոսքով՝ Վանաձորում ներկայումս այնքան կարևոր հարցեր կան, և դրանց չանդրադառնալն ու փոխարենը փողոցներ անվանակոչելը կամ ինչ-որ հեռահար հարցեր քննարկելը, մասնավորապես՝ Եվրամիության հետ համագործակցության հարցը, լուրջ չէ: Մարուքյանը դեմ չէ, որ Վանաձորի ավագանին համագործակցի Եվրամիության հետ, սակայն նրա խոսքով՝ եթե եվրոպական համագործակցության ծրագրերին մասնակցելու ցանկություն կա, ապա պետք է հարգվի նաև պառլամենտարիզմի սկզբունքը, այն է՝ մեծամասնությունը պետք է իշխանություն ունենա, և մեծամասնության կողմից պետք է բանեցվի այդ իշխանությունը:
«Բայց մեր հարգարժան այրերը չեն հարգում այս սկզբունքները և, ունենալով փոքրամասնություն, ցանկանում են Եվրոպական միության հետ համագործակցության ծրագրեր մշակել: Չգիտեմ՝ դա ոնց կընկալվի Եվրոպական միության կողմից, քանի որ, եթե համագործակցում ես մի համակարգի հետ, ապա պետք է հարգես այդ համակարգի մշակած արժեքները»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Քրիստ Մարուքյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]