Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան ձեռներեցության օրեր 2017» միջազգային համաժողովին
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը մասնակցեցին «Ռուսաստանյան ձեռներեցության օրեր 2017» միջազգային միջոցառմանը: Այն անցկացվեց «ՓՄՁ ոլորտին նորարարական աջակցություն ցուցաբերող կառույցների երկրորդ համառուսաստանյան կոնգրես» համաժողովի շրջանակում: Մայիսի 25-26-ը Մոսկվայում անցկացված համաժողովի ընթացքում միմյանց հանդիպելու և փորձը կիսելու հնարավորություն ունեին ՓՄՁ ոլորտին աջակցություն ցուցաբերող և իրենց գործիքակազմում նորարար մեթոդներ կիրառող բազմաթիվ կազմակերպություններ:
Կարեն Գևորգյանը քննարկումներից մեկի ընթացքում ներկայացրեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության գործիքները, ուղղությունները և գործընկեր տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը: Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) հնարավորությունների կիրառմամբ ՓՄՁ աջակցության կազմակերպությունների միջև կայուն և գործուն ցանց ստեղծելու ուղիները: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ինչպես նաև ՁԵՑ անդամ մյուս մասնակիցները ներկայացրել են ցանցում իրենց գործունեությունը և դրա շրջանակում ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությունը:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին են նաև ստեղծարար երիտասարդներին և պատանիներին աջակցություն ցուցաբերելու արդյունավետ ուղիները, Ռուսաստանի աջակցող կառույցները ներկայացրեցին ՓՄՁ աջակցության իրենց գործիքները և փորձը:
Հանդիպումների ընթացքում Լևոն Մնացականյանը և Կարեն Գևորգյանը Ռուսաստանի և այլ երկրների կառույցների հետ ձեռք բերեցին համագործակցության և փորձի փոխանակման պայմանավորվածություններ:
###
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը: