ՓՄՁ ԶԱԿ-ի և ՀՀ գյուղնախարարության միջև հուշագիր է կնքվել. գյուղական համայնքներին 2 % լիզինգով նոր գյուղտեխնիկա կհատկացվի
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ստորագրեցին հուշագիր` «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:
Ռոբերտ Մակարյանի խոսքով` Հայաստանի գյուղտեխնիկայի պարկն արդեն մաշված է, և անհրաժեշտություն կար թարմացնելու այն: «Կառավարությունը որոշել է աջակցել գյուղտեխնիկայի բազայի թարմացմանը և լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով նպաստել տրատկորների, կոմբայնների և հարակից սարքավորումների ձեռքբերմանը»,- նշեց Մակարյանը:
Ծրագրով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվելիք գյուղա-տնտեսական տեխնիկան կմատակարարվի Եվրասիական տնտեսական միության անդամ և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող հայտնի ընկերություններից, որը հնարավորություն կտա նաև առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում ձևավորել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման կենտրոններ:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, մարզային մասնաճյուղերի միջոցով նպաստելու է գյուղտեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվության տարածմանը: Մասնաճյուղերի աշխատակիցները գյուղտեխնիկա ձեռք բերել ցանկացողներից կընդունեն հայտերը, կիրականացնեն համապատասխան փաստաթղթավորում և կապահովեն հայտերի հետագա ընթացքը` սահմանված կարգով:
Անցած 3 տարիների ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ համատեղ արդեն ներմուծել և արտոնյալ պայմաններով Հայաստանի մարզերի համայնքներին և մասնավոր ֆերմերներին է տրամադրել 300-ից ավելի բելառուսական МТЗ տրակտոր, մոտ 10 Нива կոմբայններ և կից սարքավորումներ:
«Նոր տրակտորների և կից սարքավորումների ներմուծումը նաև հնարավորություն կստեղծի մեր գյուղական համայնքներում ստեղծելու նոր ձեռնարկություններ, քանի որ գյուղատնտեսների զգալի մասն արդեն ներգրավված է գյուղմթերքի վերամշակման մեջ»,- շեշտեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության պայմաններն են.
ա. կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,
բ. տրակտորների համար` 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,
գ. հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3 – 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,
դ. այլ գյուղատնտեսական գործիքների համար` 3 տարի մարման ժամկետ, տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը: Ընդ որում տրակտորներ և այլ գյուղ. տեխնիկա միևնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի,
ե. Լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով, լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճարի վճարման պայմանով:
###
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը: