211652_close_icon
views-count4222 դիտում article-date 17:12 25-05-2017

Գյումրիում բացվել է մերօրյա հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլյան պատերազմում հերոսացած գյումրեցիների հիշատակին նվիրված հուշաքար է բացվել Գյումրու «Կուրսկի» հրապարակում: «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացրել է «Փառքի պուրակը` որպես մերօրյա հերոսների հավերժացման խորհրդանիշ» ծրագիրը, որի շրջանակներում էլ կանգնեցվել է հուշաքարը: Հուշաքարի բացման պատիվը տրվեց հերոսների ծնողներին ու զավակներին: Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, հյուրեր, գյումրեցիներ։ «Մեզ համար որքան ուրախալի է, որ հիշում ու հպարտանում ենք մեր հերոսներով, նույնքան ցավալի է, որ նրանք մեր կողքին չեն։ Սիրելի ծնղներ, դուք պետք է բարձր գլխով քայլեք առաջ, գիտեմ դժվար է, սակայն ձեր որդիներն անմահացել են, նրանք մեր երկրի համար տվել են ամենաթանկը` կյանքը: Հավերժ փառք նրանց»,- ելույթի խոսքում նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: «Արաքս կենտրոն» ՀԿ նախագահ Ալլա Խաչատրյանը վստահ է, որ հերոս շիրակցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրումը, քառօրյա պատերազմում նրանց սխրանքների մասին բարձրաձայնելն արդիական է և պահանջված, կարևոր է հայոց բանակի հանդեպ սիրո, վստահության, ռազմահայրենասիրական, հոգևոր-մշակութային դաստիարակության մակարդակի բարձրացման առումով: «Արաքս կենտրոնի» կողմից Ապրիլյան պատերազմում նահատակված շիրակցի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարը տեղադրելու գաղափարը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհով: Ծրագրի շրջանակներում ՀԿ-ի հետ համագործակցել և աջակցել են Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանը, Գյումրիում տեղակայված զորամասերը, Գյումրու մի շարք կրթօջախներ, «Մշո տղեք» ՍՊԸ տնօրինությունը, ճարտարապետ Սուրեն Կուրազյանը: Միջոցառման ընթացքում ներկաներին տրամադրվում էին զոհված զինվորների մասին պատմող սեղմագրեր, որոնց ստեղծման գործում «Արաքս կենտրոնին» աջակցել էր գրող-հրապարակախոս Գոհար Մարտիկյանը: [b] Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր