Մայրաքաղաքի վարչական շրջաններում կրծողների դեմ պայքարի միջոցառումներ են ընթանում
Մայրաքաղաքի վարչական շրջանների բակային տարածքներում դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են դեռատիզացիայի կամ կրծողների դեմ պայքարի միջոցառումները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրծողների ակտիվ վերարտադրողականության շրջանը գարնան և աշնան ամիսներն են, հատուկ դեղանյութերը տեղադրվում են տասնօրյա պարբերականությամբ:
Հատուկ նյութերը դրվում են բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու խնդրահարույց այլ հատվածներում: Լրացուցիչ միջոցառումներն ընթանում են նաև այն հասցեներում, որոնցից բնակիչները ահազանգել էին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարներով:
Բացի այդ, մասնագիտական միջոցառումների ընթացքում լիարժեք արդյունքի ապահովման համար մաքրվում են նաև վերելակների հորանները:
Ուսումնասիրությունները փաստում են, որ հետևողական աշխատանքի, պայքարի առավել արդյունավետ դեղամիջոցների և ժամանակին իրականացվող աղբահանության արդյունքում կրծողների վերաբերյալ ահազանգերը նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ նվազել են:
Այդուհանդերձ, հարկ է նշել, որ բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերում ու հարկաբաժիններում կտրականապես արգելվում է թողնել սննդի մնացորդներ, ինչը կարող է հանդիսանալ կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք: