3358 դիտում
10:56 23-05-2017
Կառավարության «օպտիմալացումը» գաղտնի է՝ հրմշտոցը տեղի է ունենում «գորգի տակ». «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Օպտիմալացումը լավ բան է: Եթե, իհարկե, զուտ կուսակցական նպատակներ չի հետապնդում: Այնպես, օրինակ, ինչպես դա տեղի ունեցավ Ազգային ժողովի հանձնաժողովների հետ: Եթե դրանք լինեին 8, ապա ՀՀԿ-ին կհասներ հանձնաժողովի 5 նախագահի տեղ՝ ներկայիս 6-ի փոխարեն: Եթե լինեին 10, ապա հանձնաժողովի մեկ պաշտոն կհասներ «Ելքին»: Հետևաբար «օպտիմալ» թիվը 9 է, քանի որ այդ դեպքում ՀՀԿ-ն ստանում է առավելագույնը, իսկ «Ելքին» ոչինչ չի հասնում: Ահա և ամբողջ թվաբանությունը:
Մնացած «պետականաշինական» և «պատմափիլիսոփայական» բացատրությունները պարզապես մտավարժանքներ են: Իհարկե, ոչ մի «սարսափելի» բան տեղի չէր ունենա, եթե հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահների թիվը լիներ 5, կամ՝ եթե հանկարծ «Ելքի» ներկայացուցիչը դառնար խորհրդարանական հանձնաժողովի նախագահ: Հաստատ դրանից իշխող կուսակցության հիմքերը չէին սասանվի, բայց այստեղ գործում է ոչ թե քաղաքական, այլ՝ «կարո՞ղ ա պատահի՝ մենք տենց տղերք ենք» տրամաբանությունը:
Հիմա եկել է կառավարության «օպտիմալացման» հարցը: Այստեղ ամեն ինչ շատ ավելի գաղտնի է՝ հրմշտոցը տեղի է ունենում «գորգի տակ»: Արդյունքների մասին մեզ տեղյակ կպահեն՝ համապատասխան հիմնավորումներով: Կառավարության կառուցվածքն այնքան է փոխվել և այնպիսի հիմնավորումներով, որ մեզ արդեն ոչնչով չես զարմացնի: Ֆինանսների նախարարությունը չէր կարելի միացնել հարկայինի և մաքսայինի հետ՝ դա ակնհայտ էր: Բայց այն ժամանակ պետք էր գերլիազորություններ տալ Գագիկ Խաչատրյանին, որը, կարելի է ասել, մեր «ամենաթափով» օլիգարխներից է: Եվ հակառակը՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները կարող էին միաձուլված մնալ, բայց երբ պետք եղավ տեղ բացել Դաշնակցության համար, այդ երկու ոլորտները տարանջատվեցին:
Թե ինչու «կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» պաշտոնը քաղաքականից կդառնա հայեցողական՝ նույնպես կարելի է ենթադրել՝ Դավիթ Հարությունյանը նշանակվելու է այլ պաշտոնի, նրա տեղը զբաղեցնելու է ավելի շարքային մի չինովնիկ: Բայց եթե պետք լինի որևէ մեկին պաշտոն տալ, աշխատակազմի ղեկավարի աշխատանքը դարձյալ հույժ կարևոր քաղաքական նշանակություն է ստանալու:
Այդ առումով դասական օրինակ է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Սկզբում թվում էր, թե այն երկրի համար ճակատագրական նշանակություն ունի: Դա 2008-ին էր, երբ Արթուր Բաղդասարյանն ընտրություններից հետո որոշեց միանալ իշխանությանը: Բայց հետո, երբ ՕԵԿ նախագահը դուրս եկավ այդ գործից, պաշտոնը երկար ժամանակ թափուր մնաց, և հիմա էլ է թափուր Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո: Հավանաբար, այդ պաշտոնը նույնպես կարելի է «օպտիմալացնել»»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1225 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»