211652_close_icon
views-count4810 դիտում article-date 12:55 20-05-2017

Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքին անձամբ հետևել է Էրդողանը. մանրամասներ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայնը» գրում է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անձամբ է հետևել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև տեղի ունեցած ծեծկռտուքին: Այս մասին է վկայում «Ամերիկայի Ձայն»-ի Թուրքական ծառայության տեսագրությունը: «Ամերիկայի Ձայն»-ի մեր գործընկերների բացառիկ նկարահանումները թույլ են տալիս քայլ առ քայլ վերականգնել միջադեպի մանրամասները: Քուրդ և թուրք ցուցարարների միջև վեճը սկսվեց դեսպանի նստավայրի առջևի պուրակում, մինչև Էրդողանի ժամանումը: Միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցնելուց հետո, քուրդ և թուրք ցուցարարները հրմշտոցի բռնվեցին, որի ընթացքում թուրք ցուցարարները հարվածներ հասցրեցին քուրդ ցուցարարներին և գետնին նետեցին մի կնոջ, իսկ քուրդ ցուցարարներից մեկն իր ձեռքի բարձրախոսը նետեց դեղին վերնաշապիկով թուրք ցուցարարի դեմքին՝ վնասելով նրա քունքը: Առաջին միջադեպից հետո Վաշինգտոնի ոստիկանությանը հաջողվեց համեմատական անդորր վերականգնել՝ կողմերի միջև որպես բաժանարար գիծ օգտագործելով երթևեկելի ճանապարհը: Այդ ընթացքում հավաքված քուրդ ցուցարարները թուրքական կողմի ուղղությամբ ջրի շշեր էին նետում: Թուրքական կողմը ոստիկաններից պահանջում էր ձերբակալել բարձրախոսը նետած ցուցարարին: Այս բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մինչև Ռեջեփ Էրդողանի ժամանումը: Այդ ընթացքում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը մոտենում է ոստիկաններին և, հիշեցնելով դիվանագիտական անձեռնմխելիության մասին, հայտնում՝ «դուք մեզ չեք կարող դիպչել»: Այդ ընթացքում շուրջ երկու տասնյակ քուրդ ցուցարարներ շարունակում են բողոքը դիվանագետի նստավայրի առջև գտնվող պուրակում, իսկ թուրք ցուցարարների կողքին են հայտնվում թուրքական կողմի անվտանգության աշխատակիցները, սակայն ոստիկանները կողմերի միջև անվտանգության տարածություն են փորձում պահպանել: Իրավիճակը փոխվում է Ռեջեփ Էրդողանի ժամանելուց հետո: «Ամերիկայի Ձայն»-ի մեր գործընկերների շնորհիվ մենք կարող են հետևել իրադարձությունների զարգացումների յուրաքանչյուր պահ: Ժամանելուց հետո Թուրքիայի նախագահը որոշ ժամանակ մնում է ավտոմեքենայում, զրուցելով ավտոմեքենայի մոտ կանգնած իր աշխատակցի հետ, որից հետո թուրքական կողմից մի խումբ, ճեղքելով ոստիկանական գիծը, մոտենում են քուրդ ցուցարարներին ու ծեծկռտուք սկսում: Ոստիկանության ուժերով ամեն ինչ ավարտվում է 30 վայրկյանում: Նշենք, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունն իր կողմից հայտարարություն էր տարածել, որում ցուցարարներին անվանել էր «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապված խմբեր և մեղադրել Էրդողանի կողմնակիցների նկատմամբ «ագրեսիվ սադրանքների» մեջ: «Թուրք ամերիկացիները պատասխանել էին ինքնապաշտպանության շրջանակներում և նրանցից մեկը լուրջ վնասվածքներ էր ստացել», - նշված է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության կողմից տարածված հայտարարության մեջ: Մեկնաբանելով տեղի ունեցածը' ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջոն ՄաքՔեյն ասել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի տեղի ունեցածի համար. «Կարծում եմ, Թուրքիայի դեսպանը պետք է հեռանա ԱՄՆ-ից: Միանշանակ, նա էր պատասխանատու ավազակների խմբի համար, որոնք խախտեցին Ամերիկայի օրենքը և մարդկանց ծեծի ենթարկեցին»: Սենատորի խոսքով, Ամերիկայում նման բաներ տեղի չպիտի ունենան. «Եթե նրանք ցանկանում են այդպես գործել Թուրքիայում, դա շատ վատ է և ես ցավում եմ, բայց ոչ մի դեպքում նրանք նման կերպ չպետք է իրենց պահեն ամերիկյան հողի վրա»: Ազդեցիկ դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն ընդգծել է, որ նման պահվածքն անընդունելի է. «Ցուցարարները պետք է պաշտպանված լինեն՝ նրանց նկատմամբ բռնությունն անթույլատրելի է ամենուր, հատկապես՝ Միացյալ Նահանգներում: Մենք բողոքում ենք դրա դեմ և Թուրքիայի դեսպանությունը պետք է պատասխանատվության ենթարկվի»: Իր հայտարարության մեջ Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ բռնությունը երբեք ազատ խոսքի համարժեք պատասխանը չէ և աջակցություն է հայտնել մարդկանց ազատ խոսքի իրավունքի դրսևորմանն ամենուրեք»:

Նմանատիպ նյութեր