211652_close_icon
views-count8901 դիտում article-date 22:52 10-05-2017

Նպատակ ունեմ Արցախում ֆիլմ նկարահանել. ֆրանսահայ կինոռեժիսոր

Այսօր՝ մայիսի 10-ին, Արցախի պետական համալսարանում է տեղի է ունեցել հանդիպում ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանի հետ: Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ով հակիրճ ներկայացրել է կինոռեժիսորի գործունեությունը և նշել, որ վերջինիս ընտանիքը ևս վերապրել է Ցեղասպանության ծանր օրերը: Հանդիպմանը ցուցադրվել է Ռոբերտ Քեշիշյանի «Արամ» ամերիկա-ֆրանսիական համատեղ ֆիլմը, որը պատմում է հայ տղայի ընտանեկան ողբերգության մասին. այն նկարահանվել է 2002 թվականին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռ. Քեշիշյանն ասել է, որ «Արամ» ֆիլմը 2004 թվականին ներկայացվել է հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում. այն ցուցադրվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Ամերիկայում, Կանադայում, Մեքսիկայում, Տորոնտոյում և շատ այլ երկրներում: «Ճանաչողական այցով եմ Արցախում: Լսելով անցած տարվա ապրիլյան պատերազմի մասին ես ցանկացա լինել Արցախում ու ծանոթանալ այս երկրին և այստեղի մարդկանց: Անցած տարի Ֆրանսիայում մենք բողոքի ակցիաներ ենք կազմակերպել և դրանով փորձել ենք ինչ-որ կերպ օգնել մեր հայրենակիցներին: Ես Արցախում ինձ շատ լավ եմ զգում, բավականին տպավորված եմ: Մարդկանց հետ շփվել ու զգացել եմ արցախցիների մարդկային ջերմ ու բարի վերաբերմունքը: Հպարտ եմ, որ Արցախում տեսնում եմ գրագետ ու բանիմաց երիտասարդներ: Նպատակ ունեմ նոր ֆիլմ նկարահանել Արցախում»,- մասնավորապես ասել է Ռ. Քեշիշյանը: Հանդիպմանը ներկա էին համալսարանի դասախոսներ և ուսանողներ: [url=http://artsakhpress.am/arm/news/66294/npatak-unem-arcakhum-film-nkarahanel-fransahay-kinorezhisor.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր