211652_close_icon
views-count8013 դիտում article-date 21:12 05-05-2017

Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել են խմելու ջրի հետ կապված հիմնախնդիրները

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության պատվիրակությանը: Հայաստանի խմելու ջրի միասնական օպերատորի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ խմելու ջրի որակի և տևողության հետ կապված: Անդրադառնալով ջրամատակարարման տևողության վերաբերյալ հարցին՝ «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստիան Լըֆեն նշել է, որ Երևանում ջրամատակարարումը հասցվել է օրական միջինում 23,65 ժամ ցուցանիշի: Մյուս համայնքներում նույնպես ցուցանիշի բարելավում է գրանցվել, սակայն հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը «Վեոլիա ջուր» ընկերության գործընկերներին ներկայացրել է խմելու ջրի որակի վերաբերյալ ունեցած տվյալները. «Մենք արդեն ունենք Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ այս տարվա մարտ ամսվա տվյալներով: Այդ ցուցանիշները կփոխանցվեն նաև Ձեզ: Ակնկալում ենք, որ հաշվի առնելով այդ տվյալները, ինչպես նաև՝ Ձեր կողմից ստանձնված պայմանագրային պարտավորությունները՝ հնարավորինս բծախնդիր և պահանջկոտ կլինեք հատկապես խմելու ջրի որակի բարելավման ուղղոված աշխատանքներում: Կոմիտեն, իհարկե, պատրաստակամ է աջակցել «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ իր կարողությունների սահմաններում»,- նշել է Ա. Հարությունյանը: Անդրադառնալով Աէրացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերագործարկման խնդրին՝ Քրիստիան Լըֆեն տեղեկացրել է, որ հարցի վերաբերյալ «Վեոլիա ջուր» ընկերությունը նամակով դիմել է գլխամասային «ՎԵՈԼԻԱ Օ – ԿՈՄՊԱՆԻԱ ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ ԿԲԸ» ընկերությանը: Ակնկալվում է, որ մայիսի 25-ին ֆրանսիական ընկերությունը կներկայացնի կայանի շահագործման վերաբերյալ իր առաջարկները, որից հետո քննարկումներ առավել առարկայական կդառնան: ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը գործընկերներից հետաքրքրվել է բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման գործընթացի վերաբերյալ և տեղեկացրել, որ հարցը քննարկվել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ: Ա. Հարությունյանը հորդորել է հնարավորինս արագացնել գործընթացը՝ սպառողների համար ապահովելով առավել հարմար պայմաններ: Մանրամասնորեն քննարկվել է նաև ընկերության կողմից իրականացվելիք Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը (ՊԿԱԾ): Առաջարկվել է, որպեսզի իրականացվող աշխատանքները ծրագրվեն՝ ըստ պայմանագրային դրույթների և ունենան գույքի բարելավման շեշտադրում: Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են ընդլայնված կազմով քննարկումները դարձնել պարբերական՝ ամենշաբաթյա կտրվածքով, ընթացիկ խնդիրների կարգավորումն ու գործընթացներն արագացնելու նպատակով: [b]ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր