«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի ընտրությունից առաջ, այսպես ասած, հուսո առագաստ դիտարկվող «Ծառուկյան» դաշինքը, որը գրեթե բոլորի համար պատկերանում էր որպես խորհրդարանում հայտնվելու երաշխավորված ցատկահարթակ, ընտրությունից հետո կարծես թե վերածվում է հիասթափության արահետի:
Դեռևս պարզ չէ, թե ինչպես կհանգուցալուծվի այդ «ըմբոստությունը» կամ «ապստամբությունը», բայց «ծառուկյանական ծռերի» այդ սինդրոմի բացահայտումը իսկապես հետաքրքիր է դառնում հետընտրական ներիշխանական-ներքաղաքական իրողությունների ֆոնին:
Այդ ֆոնին բավականին հետաքրքրական է նշմարվում «ծառուկյանական ծռերի» տեխնոլոգիան, երբ «Ծառուկյան» դաշինքի որոշ թեկնածուներ փաստորեն ըմբոստանում են դաշինքի առաջնորդի դեմ, որը անկասկած պատգամավորական կազմի հարցը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ՝ այլ կերպ լինել չէր կարող:
Այդ «ապստամբությունը» անկասկած խոցելի վիճակում է դնելու Գագիկ Ծառուկյանին: Եվ եթե, օրինակ, ապրիլի 2-ից առաջ Սերժ Սարգսյանն էր զգում նրա կարիքը՝ ի վերջո առնվազն մոտ կես միլիոն դժգոհ ընտրախավի կառավարման համար, հարկ եղած դեպքում նաև ՀՀԿ-ի թվաբանական մանևրի աջակցության համար, ապա այժմ ներդաշինքային «ապստամբությունը» ճնշելու կամ հետագա առավել քան աղմկոտ ու շղթայական զարգացումը կանխելու համար Ծառուկյանն ունի Սարգսյանի կարիքը: Այսինքն՝ փաստացի փոխվում է Սարգսյան-Ծառուկյան համաձայնության բալանսը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]