8475 դիտում
23:02 03-05-2017
Վենետիկում կայանալիք արվեստի միջազգային 57-րդ բիենալեն Հայաստանը կներկայացնեն 2 արվեստագետներ
2017 թվականի մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը Վենետիկում կկայանա «Viva Arte Viva» խորագրով արվեստի միջազգային 57-րդ բիենալեն, որտեղ Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ` Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյան: Հայաստանյան տաղավարը տեղակայված կլինի Վենետիկի Մուրադ-Ռաֆաելյան վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում:
Վենետիկում ցուցահանդեսի փակ դիտումը մամուլի ներկայացուցիչների համար տեղի կունենա մայիսի 10-12-ը, պաշտոնական բացումը` 2017 թվականի մայիսի 11-ին, ժամը 17:30-ին:
Արվեստագետներից յուրաքանչյուրը Բիենալեի այցելուներին կներկայացնի իր ցուցադրությունը:
Այսպես, գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը կներկայանա «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությունով /համադրող՝ Դեմետրիո Պապարոնի/: Երիտասարդ գեղանկարչի ընտրությունը պայմանավորված էր առաջին հերթին այն հանգամանքով, որ վերջինս ազգային զարդանախշերի և հայ մշակույթին բնորոշ տարրերի նորովի մոտեցմամբ ներկայացնում է մարդու և բնության միջև եղած փոխհարաբերությունները: Արվեստագետը մեկ միասնություն կազմող 15 աշխատանքի միջոցով կոչ է անում մարդկությանը վերադառնալ իրենց ակունքներին, ավելի մեծ տեղ հատկացնելով սեփական զգացմունքներին:
Պատկերելով հովազին ծաղկող այգում, Մեգալը սարսափազդու կենդանուն դարձնում է այդ գեղեցիկ այգու պահապանը: Կոմպոզիցիոն շարքի, բուսական զարդանախշերի և գույների հակադրության միջոցով արվեստագետը փորձում է վերականգնել կորցրած ներդաշնակությունը և ստեղծել այնպիսի վայր, որտեղ կարող ենք մեզ զգալ ոչ միայն պաշտպանված, այլ նաև գեղեցկությամբ շրջապատված:
Ու թեև մարդու ներկայությունը կտավներում առհասարակ բացակայում է, մենք այն զգում ենք ամենուր: 34-ամյա արվեստագետը բազում անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան լավագույն պատկերասրահներում /Ֆլորենցիա, Լոնդոն, Փարիզ, Նյու-Յորք, Տորոնտո/, մասնակցել տարբեր միջազգային բիենալեների՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների և պատվավոր կոչումների, իսկ 2013 թվականին՝ «Մարութա սար»` չարի և բարու պատերազմը պատկերող մասշտաբային ստեղծագործության համար արժանացել է Ֆլորենցիայի բիենալեի «Լորենցո Մեդիչի» արծաթե մեդալին և ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:
Լիբանանահայ, ներկայում Բրյուսելում բնակվող քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսում կներկայացնի «Անշեջ կրակ» խորագիրը կրող ցուցադրությունը /համադրող՝ Բրունո Կորա/: Ցուցահանդեսի խորագրի գաղափարը ներշնչվել է զոդալամպի կրակից, որը Ժան Պողոսյանն օգտագործում է որպես «հրե վրձին»՝ իր անշեջ ստեղծագործությունները կերտելու համար: Պողոսյանը համաշխարհային այն փոքրաթիվ արվեստագետներից է, ով, տարբեր աշխատանքներ ստեղծելիս, կիրառում է կրակը և խանձվածքը:
Կրակը նրա ընտրության գեղագիտական լեզուն է, որն արտահայտելու համար արվեստագետն օգտագործում է տարատեսակ զոդալամպեր: Ժան Պողոսյանի նկարչությունը ներշնչված է Ջեքսոն Փոլոքի, Սիմոն Անթայի, Ջոան Միթչելի և Իվ Քլեյնի արվեստով: Արվեստագետը կցուցադրի վերջին շրջանի իր գեղարվեստական աշխատանքները, որոնք ստեղծվել են ամենատարբեր տեխնիկաներով և նյութերով՝ կրակ, հուր, խանձվածք, գունանյութ և ջուր: Այրված առարկաները հաճախ ներառում են կտավ, թուղթ, գրքեր, աթոռներ և նկարներ՝ երբեմն արտացոլելով բազմազան տեխնիկաներով ստեղծված ծակոտկեն ուրվագծերը: Վաստակաշատ արվեստագետը բազում անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան լավագույն պատկերասրահներում /Բրյուսել, Աբու Դաբի, Բեյրութ/:
Հայկական տաղավարի 3-րդ մասնակիցը՝ ազգությամբ սլովենացի, ներկայում Իտալիայում ապրող և ստեղծագործող Միրո Պերսոլյան է: Նրա ցուցադրությունը կրում է «Առանց սահմանի» խորագիրը /համադրող` Ջիորջիո Գրասսո/: Արվեստագետը կարմիր և կապույտ գույների համադրության և ներդաշնակության միջոցով փորձում է ընդգծել, որ արվեստը սահմաններ չունի:
Ու թեև երեք արվեստագետներն էլ տարբեր են և հանդես են գալիս առանձին ցուցադրություններով, նրանց բոլորին միավորում է արվեստի միջոցով բնության և մարդու փոխհարաբերությունները ներկայացնելու ձգտումը՝ հաստատելով այն ճշմատրությունը, որ արվեստը սահմաններ չունի:
Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարն է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, ի դեմս Սվետլանա Սահակյանի:
Մասնակցությունը վերոնշյալ հեղինակավոր Բիենալեին հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ հանրահռչակելու Հայաստանի ժամանակակից արվեստն արտասահմանում:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի խոսքով` վերջին տասնամյակում Հայաստանն ակտիվ մասնակցել է ինչպես Վենետիկի արվեստի, այնպես էլ ճարտարապետական բիենալեներին. «Անշուշտ, ամենամեծ հաղթանակը 2015 թվականին` Վենետիկի արվեստի 56-րդ բիենալեում Հայաստանի հաղթանակն էր. հայաստանյան տաղավարն արժանացել էր «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։ Հարկ է նշել, որ ոչ բոլոր երկրներին է հաջողվում ունենալ նման հնարավորություն և արժանանալ այդչափ կարևոր մրցանակի»:
Բիենալեի մասնակից, «Հովազներն իմ ծաղկած այգում» խորագրով ցուցադրության հեղինակ, գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի դիտարկմամբ` «Հովազը հայ ժողովրդի խորհրդանիշն է, որը շատ խաղաղ ու համերաշխ է ապրում իր հողում, սակայն բարկանում է, եթե վտանգում են նրա անդորրը»: Ռաֆայել Մեգալի գնահատմամբ` իր կողմից հատուկ այս հեղինակավոր հարթակի համար ստեղծած շարքը համահունչ է Բիենալեի «Կեցցե կենդանի արվեստը» խորագրին, քանի որ արտահայտում է մարդ-բնություն փոխհարաբերությունը:
Ս. թ. մայիսի 2-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում Վենետիկի «Viva Arte Viva» խորագրով արվեստի միջազգային 57-րդ բիենալեին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը /պատվիրակության ղեկավար/, նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ, նախարարությունում բիենալեի պատասխանատու Աննա Ղազարյանը, Հայաստանի տաղավարի համակարգող Սվետլանա Սահակյանը, Հայաստանն այս տարի բիենալեում ներկայացնող արվեստագետներից` Ռաֆայել Մեգալը /Ռաֆայել Մելիքյան/։
Նմանատիպ նյութեր
963 դիտում
18:49 09-05-2015
Վենետիկում մեկնարկել է 56-րդ ամենամյա արտ-բիենալեն
5107 դիտում
21:18 02-08-2016
Իտալիայում առաջին անգամ կանցկացվի «BIBART-2016» արվեստի միջազգային բիենալեն
993 դիտում
15:19 14-05-2015
Վենետիկի բիենալեն ցույց տվեց հայ արվեստի ներուժը. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
520 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
421 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
625 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am