211652_close_icon
views-count5485 դիտում article-date 16:44 29-04-2017

Արթուր Ալեքսանյանը ՝ այնուամենայնիվ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2017 թ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող մարզաձևի ՀՀ ազգային հավաքականը, գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ ապրիլի 19-ին մեկնել է Բելառուս, ուր կարևոր ստուգատեսից առաջ Ստայկիի օլիմպիական մարզաբազայում եզրափակիչ ուսումնամարզական համատեղ հավաքն է անցկացնում Բելառուսի և Ֆրանսիյաի հավաքականների հետ: Ի դեպ, Ֆրանսիայի ընտրանու կազմում հավաքին մասնակցողների թվում են նաև հայազգի 3 ըմբիշներ՝ Արտակ Մարգայանը, Հրաչյա Մալխասյանն (երկուսն էլ 66կգ) ու Էվրիկ Նիկողոսյանը (75 կգ): Հավաքին մասնակցում են ՀՀ հավաքականի 10 ըմբիշներ՝ Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ), Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ), Վարշամ Բորանյանն (71 կգ) ու Արթուր Շահինյանը (85 կգ): Դեռ նախորդ հավաքի ժամանակ՝ ապրիլի 7-ին, ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչը հայտնել էր Եվրոպայի առաջնությանը մասնակցել պատրաստվող ՀՀ 7 ըմբիշներից 6-ի անունները: Գերծանր՝ 130 կգ քաշային կարգում մարզիչը նպատակահարմար չէր գտնում ներկայացուցիչ ունենալ, իսկ 98 կգ քաշային կարգի մասնակցի անունն էլ պիտի հայտարարվեր ապրիլի 25-ին: Բանն այն էր, որ այս քաշային կարգի մեր անվիճելի առաջատարը՝ 2016 թ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մարզումների ժամանակ ցավեցրել էր ծունկը: Ու որոշվել էր սպասել մինչև ապրիլի 25-ը: Եթե մինչ այդ «ճերմակ արջը» ապաքինվեր, ապա նա կմեկեր Սերբիա, իսկ եթե ոչ, ապա նրան կփոխարիներ Արթուր Շահինյանը: Ալեքսանյանի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը դեռ հարցականի տակ էր: Ստայկիից ստացած տեղեկությունների համաձայն` ապրիլի 27-ին կայացել են ստուգողական գոտեմարտեր: Դրանց արդյունքներով մարզչական շտաբը վերջնականորեն որոշել է, որ 98 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնությունում հանդես կգա Արթուր Ալեքսանյանը: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչը: Նա հայտնել է նաև, որ տղաները ընդհանուր լավ վիճակում են գտնվում, Արթուրը նույնպես: Մարզչի խոսքով՝ Ալեքսանյանը ծնկի վնասվածքից արդեն վերականգնվել է, և այժմ խնդիրներ չունի: Սա փաստորեն օլիմպիական խաղերից հետո Արթուր Ալեքսանյանի անդրանիկ միջազգային մեկնարկը կլինի ընթացիկ մրցաշրջանում: Հունվարին և մարտին Փարիզի ուԿիևի միջազգային մրցաշարերում «Ճերմակ արջը» առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել մրցագորգ ելնել: Նախապես հայտնի էր, որ Արսեն Ջուլֆալակյանն ու Վարշամ Բորանյանը մարզչական շտաբի որոշմամբ հանդես չեն գալու Եվրոպայի առաջնությունում, ուստի միանգամից սկսել են նախապատրաստվել օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք ըմբշամարտի 2017 թ աշխարհի առաջնությանը: Այս առիթով Արսեն Ջուլֆալակյանը նշեց. «Նրանք, ովքեր մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը մայիսի 4-ին այստեղից կմեկնեն Սերբիա, իսկ մյուսներս կվերադառնանք Հայաստան և մարզումները կշարունակենք Երևանում: Իսկ Եվրոպայի առաջնությունից հետո արդեն ամբողջ թիմով կսկսենք պատրաստվել աշխարհի առաջնությանը։ Օգտվելով առիթից, հաջողություն եմ մաղթում մեր հավաքականին և վստահ եմ, որ ինչպես միշտ, այս անգամ ևս մեր ընտրանին կլինի բարձունքում»: Հավելենք նաև, որ հավաքի ընթացքում ՀՀ ընտրանու ըմբիշների մարզումները գլխավոր մարզչի հետ մեկտեղ գլխավորում են Սամվել Գևորգյանը, Էդուարդ Սահակյանն ու Գևորգ Ալեքսանյանը: Ըմբիշների մարզումներին ուշադիր հետևում է նաև հավաքականի բժիշկ Թելման Սարգսյանը: Ստայկիում ՀՀ ընտրանու ըմբիշներն ուսումնամարզական հավաքը կավարտեն մայիսի 4-ին, որտեղից էլ Եվրոպայի առաջնության 7 մասնակիցները Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ կուղևորվեն մրցավայր: Հարկ է նշել նաև, որ ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում ընդգրկված է նաև միջազգային կարգի մրցավար, ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասադաական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Նմանատիպ նյութեր