Վարչապետը հանձնարարեց անտառների կառավարումը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին
Այսօր Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անհրաժեշտ համարեց կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին:
«Վերջին ժամանակներս ավելի հաճախ են բարձրաձայնվում անտառահատումների և ապօրինի ծառահատումների հետ կապված մտահոգությունները: Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար և այդ պատճառով հանձնարարում եմ գյուղատնտեսության նախարարին երկամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառներում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման և վերականգնման դերը: Հանձնարարում եմ Կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտի կարգավորման ուղղությամբ հստակ առաջարկությունների և գործողությունների ծրագիր, ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների գործիքների և տեխնոլոգիաների ներգրավման ծրագիր»,- ասաց վարչապետը:
Բացի այդ, կառավարության ղեկավարը Գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարեց համագործակցելով բնապահպանական պետական տեսչության և իրավապահ մարմինների հետ՝ մշակել և ներկայացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի մասին պարբերաբար տեղեկատվություն կներկայացվի հասարակությանը:
«Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարում եմ մեկ շաբաթյա ժամկետում ուսումնասիրել վերջին երեք ամիսների ընթացքում մամուլում և սոցցանցերում բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դեպքերը, վերլուծել և ներկայացնել հաշվետվություն»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: