211652_close_icon
views-count6614 դիտում article-date 21:52 25-04-2017

ՀՀ-ից ժամանած բժիշկները ՄԻԱՎ-ի վերաբերյալ Ստեփանակերտում սեմինար-վարժանքներ են անցկացնում

Հայաստանի Հանրապետությունից ժամանած մի խումբ բժիշկներ Արցախում մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վերաբերյալ հետազոտությունների ընդլայնման և դրա վարակի կանխարգելման համար առողջապահական և կրթական ոլորտներում ներուժի զարգացման նպատակով իրականացնում են 4-օրյա սեմինար-վարժանքներ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանն ասել է, որ սեմինար-վարժանքների նպատակն այն է, որ Արցախում բժիշկների, մանկավարժների շրջանում անցկացվեն դասընթացներ և տեղեկություններ տրամադրվեն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, դրա փոխանցման ուղիների, կանխարգելման, հիվանդության հայտնաբերման և հետազոտության շուրջ: «Սեմինարների նպատակը ոչ միայն հիվանդության հայտնաբերումն է, այլև մարդկանց բացատրելը, որ ՄԻԱՎ հիվանդությունն ունեցողների հետ կարելի է շփվել, նրանց հետ միասին աշխատել և այլն: Նրանք նույն վարքագծով, ապրելակերպով չեն տարբերվում առողջ մարդուց, տարբերությունն այն է, որ նրանք ՄԻԱՎ-ով վարակված են»,- ասել է Վ. Արզաքանյանը: Խոսելով ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոցառումների մասին՝ բժիշկ-համաճարակաբանն ասել է, որ այն ունի իր հստակ փոխանցման ուղիները. «ՄԻԱՎ-ը հիմնականում փոխանցվում է չպաշտպանված սեռական հարաբերությունների, վարակված արյան փոխներարկման, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ընթացքում մորից երեխային փոխանցման ճանապարհով։ Եթե մարդիկ վերը նշված ինֆորմացիային տիրապետում են, շատ հեշտ կարող են խուսափել վարակից: Բուժհիմնարկներից վարակվելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ հիմնականում բոլոր նորմատիվները պահպանվում են: Մարդիկ պետք է իմանան, որ սովորական կենցաղային ճանապարհով այն չի փոխանցվում. օրինակ՝ ձեռքի սեղմումով, համբույրով, համատեղ սնունդ ընդունելով: Մարդիկ կարող են իրար հետ ապրել, աշխատել, դպրոց հաճախել: Այն բոլոր մարդիկ, ովքեր որևէ ռիսկային վարքագիծ են դրսևորել, մանավանդ թմրամոլները, ովքեր օգտվում են նույն պարագաներից, ապա ցանկալի է, որ պարբերաբար հետազոտվեն: Ռիսկային է, մանավանդ, երբ մարդիկ մեկնում են արտերկիր, օրինակ` Ռուսաստանի Դաշնություն, որտեղ ՄԻԱՎ-ը 5 անգամ ավելի շատ է, և վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, քան Հայաստանում: Եթե մեր երկիրը համեմատում ենք այլ երկրների հետ, ապա կարող ենք ասել, որ բարվոք վիճակում ենք գտնվում»: Վ. Արզաքանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում և Արցախում գործում է Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) կանխարգելման մեկ կենտրոն, որտեղ իրականացվում է վարակի վերջնական ախտորոշումը: «Կենտրոն կարող են հաճախել բոլոր ցանկացողները: Սկսած այցելուի հետազոտությունից, դիսպանսերային ծառայությունից՝ մինչև բուժում, ամբողջությամբ անվճար է: Լինում են դեպքեր, որ հիվանդը, սոցիալական պայմաններից ելնելով, չի կարողանում Հայաստան մեկնել, այդ դեպքում բժիշկն է այցելում հիվանդին»,- ասել է բժիշկ-համաճարակաբանը: [url=http://artsakhpress.am/arm/news/65566/hh-ic-zhamanats-bzhishknery-miav-i-veraberyal-stepanakertum-seminar-varzhanqner-en-anckacnum.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր