211652_close_icon
views-count10031 դիտում article-date 22:47 21-04-2017

Հայաստանը կմասնակցի Վենետիկի արվեստի միջազգային 57-րդ բիենալեին. հայաստանյան տաղավարը տեղակայված կլինի Սուրբ Խաչ եկեղեցում

Մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը Վենետիկում կկայանա «Viva Arte Viva» խորագրով արվեստի միջազգային 57-րդ բիենալեն, որտեղ Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ` Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյան: Հայաստանյան տաղավարը տեղակայված կլինի Վենետիկի Մուրադ-Ռա­ֆաելյան վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում: Վենետիկում ցուցահանդեսի փակ դիտումը մամուլի ներկայացուցիչների համար տեղի կունենա մայիսի 10-12-ը, պաշտոնական բացումը` 2017 թվականի մայիսի 11-ին, ժամը 17:30-ին: Արվեստագետներից յուրաքանչյուրը Բիենալեի այցելուներին կներկայացնի իր ցուցադրությունը: Այսպես, երիտասարդ և տաղանդաշատ գեղանկարիչ Ռաֆայել Մե­գալը /համադրող՝ Դեմետրիո Պապարոնի/ կներկայանա «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությունով: Երիտասարդ գեղանկարչի ընտրությունը պայմանավորված էր առաջին հերթին այն հանգամանքով, որ վերջինս ազգային զարդանախշերի և հայ մշակույթին բնորոշ տարրերի նորովի մոտեցմամբ ներկայացնում է մարդու և բնության միջև եղած փոխհարաբերությունները: Արվեստագետը մեկ միասնություն կազմող 15 աշխա­տանքի միջոցով կոչ է անում մարդկությանը վերադառնալ իրենց ակունք­ներին, ավելի մեծ տեղ հատկացնելով սեփական զգացմունքներին: Պատ­կերելով հովազին ծաղկող այգում, Մեգալը սարսափազդու կենդանուն դարձնում է այդ գեղեցիկ այգու պահապանը: Կոմպոզիցիոն շարքի, բուսական զարդանախշերի և գույների հակադրության միջոցով արվեստագետը փորձում է վերականգնել կորցրած ներդաշնա­կությունը և ստեղծել այնպիսի վայր, որտեղ կարող ենք մեզ զգալ ոչ միայն պաշտպանված, այլ նաև գեղեցկությամբ շրջապատված: Ու թեև մարդու ներկայու­թյունը կտավներում առհասարակ բացակայում է, մենք այն զգում ենք ամենուր: 34-ամյա արվեստագետը բազում անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան լավագույն պատկերասրահներում /Ֆլորենցիա, Լոնդոն, Փարիզ, Նյու-Յորք, Տորոնտո/, մասնակցել տարբեր միջազգային բիենալեների՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների և պատվավոր կոչումների, իսկ 2013 թվականին՝ «Մարութա սար»` չարի և բարու պատերազմը պատկերող մասշտաբային ստեղծագործության համար արժանացել է Ֆլորենցիայի բիենալեի «Լորենցո Մե­դիչի» արծաթե մեդալին և ՀՀ վաստակավոր նկարչի կոչման: Լիբանանահայ, ներկայում Բրյուսելում բնակվող, քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը /համադրող՝ Բրունո Կորա/ Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսում կներ­կայացնի «Անշեջ կրակ» խորագիրը կրող ցուցադրությունը: Ցուցահանդեսի խո­րա­գրի գաղափարը ներշնչվել է զոդալամպի կրակից, որը Ժան Պողոսյանն օգտա­գոր­ծում է որպես «հրե վրձին»՝ իր անշեջ ստեղծագործությունները կերտելու համար: Պողոսյանը համաշխարհային այն փոքրաթիվ արվեստագետներից է, ով, տարբեր աշխատանքներ ստեղծելիս, կիրառում է կրակը և խանձվածքը: Կրակը նրա ընտրության գեղագիտական լեզուն է, որն արտահայտելու համար արվեստագետն օգտագործում է տարատեսակ զոդալամպեր: Ժան Պողոսյանի նկարչությունը ներշնչված է Ջեքսոն Փոլոքի, Սիմոն Անթայի, Ջոան Միթչելի և Իվ Քլեյնի արվեստով: Արվեստագետը կցուցադրի վերջին շրջանի իր գեղարվեստական աշխատանքները, որոնք ստեղծվել են ամենատարբեր տեխնիկաներով և նյութերով՝ կրակ, հուր, խանձվածք, գունանյութ և ջուր: Այրված առարկաները հաճախ ներառում են կտավ, թուղթ, գրքեր, աթոռներ և նկարներ՝ երբեմն արտացոլելով բազմազան տեխնիկաներով ստեղծված ծակոտկեն ուրվագծերը: Վաստակաշատ արվեստագետը բազում անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան լավագույն պատկերա­սրահներում /Բրյուսել, Աբու Դաբի, Բեյրութ/: Հայկական տաղավարի 3-րդ մասնակիցը՝ ազգությամբ սլովենացի, ներկայում Իտալիայում ապրող և ստեղծագործող Միրո Պերսոլյան է: Նրա ցուցադրությունը կրում է «Առանց սահմանի» խորագիրը /համադրող` Ջիորջիո Գրասսո/: Արվեստագետը կարմիր և կապույտ գույների համադրության և ներդաշնակության միջոցով փորձում է ընդգծել, որ արվեստը սահմաններ չունի: Ու թեև երեք արվեստագետներն էլ տարբեր են և հանդես են գալիս առանձին ցուցադրություններով, նրանց բոլորին միավորում է արվեստի միջոցով բնության և մարդու փոխհարաբերությունները ներկայացնելու ձգտումը՝ հաստատելով այն ճշմատրությունը, որ արվեստը սահմաններ չունի: Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարն է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, ի դեմս Սվետլանա Սահակյանի: Մասնակցությունը վերոնշյալ հեղինակավոր Բիենալեին հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ հանրահռչակելու Հայաստանի ժամանակակից արվեստն արտասահմանում:

Նմանատիպ նյութեր