112019 դիտում
14:11 18-04-2017
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. «Վիլիս»-ը մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ. 6 վիրավորներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են УАЗ մակնիշի 94 QO 999 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 17 ՕԼ 612 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն։
Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար, Փրկարար ծառայության մայոր Վահան Մկրտչյանի գլխավորությամբ։
«Վիլիս»-ի մեջ գտնվող վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ ՃՈ աշխատակիցների հետ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Վիրավորներից 2-ն էլ ավտոմեքենայից դուրս էին շպրտվել։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գիրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+