211652_close_icon
views-count6016 դիտում article-date 22:48 14-04-2017

Հանրային խորհրդում քննարկվել են սահմանամերձ գոտիների զարգացման և անվտանգության բարձրացման խնդիրները

Հանրային խորհրդում քննարկվել են սահմանամերձ գոտիների զարգացման և անվտանգության բարձրացման խնդիրները: «Շիրակ Տեխնոպարկ» ՓԲԸ հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության անդամ (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանը մշակել և Հանրային խորհուրդ է ներկայացրել ՀՀ սահմանամերձ գոտիները (և Արցախի ազատագրված տարածքները) երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու հայեցակարգ: Հարցը քննարկելու նպատակով խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ և ս.թ. ապրիլի 14-ին անցկացվել է աշխատանքային քննարկում, որը ղեկավարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաև հայեցակարգի հեղինակ Հրայր Մելքոնյանը և ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանը: Հրայր Մելքոնյանը համառոտ ներկայացրել է հայեցակարգի ընդհանուր սկզբունքներն ու դրույթները, սահմանամերձ համայնքներում տնտեսության կազմակերպման մոդելը, նախատեսվող միջոցառումները, համաշխարհային փորձը և այլն: Նախագծի հեղինակը համոզված է, որ սահմանամերձ գոտում անվտանգության ապահովման միջոցառումները չեն կարող դիտվել որպես առանձին, իրարից անկախ գործողությունների շարք, այլ պետք է մշակվեն և իրականացվեն` իբրև կայուն և ամբողջական համակարգ: Ներկաները մտքեր են փոխանակել առաջարկվող հայեցակարգի վերաբերյալ, քննարկել դրա իրականացման հնարավորությունները, արդյունքները և ներկայացրել լրացուցիչ առաջարկներ: Այնուհետև Պաշտպանության նախարարության պաշտոնյան ներկայացրել է սահմանամերձ համայնքների զարգացան ու պաշտպանության բարձրացմանն ուղղված այն ծրագիրը, որը նախատեսում է իրականացնել ՀՀ կառավարությունը: Աշոտ Բալասանյանը հայտնել է, որ ս.թ. փետրվարի 13-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով սահմանամերձ համայնքների համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով: Բալասանյանը որոշ մանրամասներ է ներկայացրել սահմանամերձ համայնքների պաշտպանական, սոցիալական և ենթակառուցվածքային հարցերի լուծման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ: Հանրային խորհրդի անդամները նպատակահարմար են գտել, որպեսզի Հրայր Մելքոնյանի ներկայացրած հայեցակարգը քննարկվի նաև միջգերատեսչական հանձնաժողովում, քանի որ հեղինակի առաջարկները կարող են լրացնել և սկզբունքային առումով առավել ամբողջական դարձնել այն ծրագիրը, որը նախատեսում է իրականացնել ՀՀ կառավարությունը: Աշոտ Բալասանյանը, որը նաև միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավարն է, նշել է, որ պատրաստ են քննարկել ոչ միայն Հրայր Մելքոնյանի ծրագիրը, այլև այս խորհրդակցության արդյունքում մշակվելիք բոլոր առաջարկներն ու եզրակացությունները և ներկայացնել դրանք առաջիկայում տեղի ունենալիք միջգերատեսչական հանձնաժողովի նիստին:

Նմանատիպ նյութեր