30-ամյա վարորդը ВАЗ 21010-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է Արփա գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 01։50 –ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Արփա գետը, ավտոմեքենա է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատը և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության փոխգնդապետ Հայկ Մարգարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածի 112-րդ կմ հատվածում ВАЗ 21010 մակնիշի 66 DD 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գոռ Թովմասյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Արփա գետում, ինչի հետևանքով նրան տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։
Արդեն առավոտյան Հ. Մարգարյանի գլխավորությամբ թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ավտոմեքենան ավտոկռունկի օգնությամբ դուրս են բերել գետից և տեղադրել ավտոքարշակի վրա։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի