211652_close_icon
views-count6638 դիտում article-date 10:54 11-04-2017

«Ես ձեզ փող եմ տվել, իսկ դուք ինձ չընտրեցիք» ասողը ոչ միայն բարեգործ չի, այլև բիզնեսմեն էլ չի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Պատգամավորներից մեկը «ընտրակաշառքի շրջանակներում» իր գյուղում ճանապարհ էր կառուցում: Բայց նրա գումարները, հավանաբար, չհերիքեցին ընտրվելու համար, և նա ընտրություններից հետո ոչ միայն չշարունակեց շինարարությունը, այլև ճանապարհի սկզբում ու վերջում քարեր լցրեց, որ հանկարծ ոչ ոք այդ՝ անգամ կիսաքանդ ճանապարհից չօգտվի: Մեկ այլ ձախողված թեկնածու հայտարարեց, որ այլևս չի օգնի աղքատ ուսանողներին ուսման վարձը մուծել, ասելով՝ «ում ընտրել եք, նրանից էլ ուզեք»: Դուք կարո՞ղ եք ասել, որ այդ ձախողված, ինչպես նաև «հաջողած» թեկնածուների արածը բարեգործություն է: Ես վստահ եմ, որ ոչ: Բարեգործության տակ ես հասկանում եմ, որ մարդը գործում է իր սրտի թելադրանքով և չի ցանկանում որևէ փոխհատուցում ստանալ: Ինձ թվում է՝ իդեալական բարեգործությունն այն է, երբ դրա մասին ոչ ոք չգիտի: Մնացածը ներդրում է: Եթե ես սպասում եմ, որ որևէ մեկն ինձ բարի գործի համար շնորհակալություն ասի, ուրեմն ես հաշվարկում եմ, որ պիտի «գնեմ» այս մարդու լավ վերաբերմունքը կամ շնորհակալությունը: Եթե ընտրություններից մի շաբաթ կամ 5 տարի առաջ ես օգնում եմ կարիքավորներին՝ հույս ունենալով, այդ մարդիկ ինձ պատգամավոր կընտրեն, ուրեմն ես իմ հազարավոր կամ միլիոնավոր դոլարները ներդրել եմ պատգամավորի մանդատը գնելու համար: Իհարկե, ներդրումները կարող են նաև բարի, ազնիվ նպատակ ունենալ: Օրինակ՝ ես ունեմ «ավելորդ» մեկ միլիոն և ներդրում եմ արել Հայաստանի կրթական համակարգի մեջ: Դա պետք է ոչ միայն անձամբ ինձ, այլև Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Այդ ներդրման մասին արժե բարձրաձայնել (իհարկե, զուսպ, առանց կուրծք ծեծելու և «տժվժիկ» սարքելու), որպեսզի մյուս միլիոնատերերը հետևեն իմ օրինակին: Երբ Բիլ Գեյթսը տարեկան մի միլիարդ է ծախսում քաղցկեղի դեմ պայքարի համար, նա անում է դա ոչ թե ԱՄՆ կոնգրեսական դառնալու համար և ոչ էլ ակնկալում է, որ որևէ ամերիկացի կընկնի նրա ոտքերը և կբացականչի՝ «վա՜խ, դու մեր թագավորն ես»: Պարզապես Գեյթսը ցանկանում է այլ ներդրողների հետ հաջողության հասնել այդ հիվանդության դեմ պայքարում: Իսկ նրանք, ովքեր հիմա կշտամբում են ընտրողներին՝ «ես ձեզ փող եմ տվել, իսկ դուք ինձ չընտրեցիք», նրանք ոչ միայն բարեգործներ չեն, այլև, մեծ հաշվով, բիզնեսմեն էլ չեն՝ այլապես կիմանային, որ ոչ բոլոր ներդրումներն են 100 տոկոսով փոխհատուցվում: Բարոյական կողմի մասին էլ չեմ խոսում: …Վերջերս ընկերներիցս մեկն ինձ հարցրեց՝ «ինչո՞ւ է այդ մարդը քեզ վրա անընդհատ հարձակվում, չէ՞ որ դու նրան ձեռք ես մեկնել դժվար պահին»: Պատասխանս` ես դա չեմ արել լավ վերաբերմունք ստանալու համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր