Ապրիլի 17-ին մեռելոց է. աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 6
Այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության հերթական նիստին ՀՀ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց աշխատանքային օրը տեղափոխելու որոշման նախագիծը:
Նախագծով նախատեսվում է 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելել իրենց ննջեցյալների գերեզմանները:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածից: