211652_close_icon
views-count2037 դիտում article-date 19:24 04-04-2017

ՀՀ ԱԻ նախարարությունում նշվեց ականազերծման միջազգային օրը

Այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ ԱԻ նախարարությունում ԱԻՆ-ի և ԱՌՆ ազգային պլատֆորմի նախաձեռնությամբ կայացավ քննարկում-հանդիպում՝ նվիրված ականազերծման միջազգային օրվան: Միջոցառման նպատակն էր կրկին բարձրաձայնել ականային վտանգի մասին, հանրության ուշադրությունը հրավիրել ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու կարևորությանը, գործընկեր և շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնել հումանիտար ականազերծման առումով Հայաստանում առկա իրավիճակը, ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև՝ քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՊՆ և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, տասից ավելի միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ: Մանսակիցներին ողջունեց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ով մասնավորապես նշեց. - Օրվա խորհրդին համահունչ՝ հանդիպումը նպատակ ունի ականազերծման ոլորտում համագործակցության նոր մեկնարկ տալ, քննարկման արդյունքում ձևավորել այն հարթակը, որը կհանդիսանա հիմնական անելիքների սկզբնատեղին: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի տեղակալ Դմիտրի Մարիասին և Հայկական Կարմիր Խաչ ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Առաքելյանը զեկուցեց իրենց կողմից Հայաստանում տարվող աշխատանքի, ինչպես նաև՝ ձեռքբերումների, մարտահրավերների և ապագա ծրագրերի մասին, որը ներառում էր համագործակցություն ինչպես Արտակարգ իրավիճակների նախարարության, այնպես էլ՝ այլ գերատեսչությունների հետ: Քննարկելով բնակչության պաշտպանության համատեքստում հումանիտար ականազերծման խնդիրներն ու միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները՝ ներկաներն առաջ քաշեցին ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու առաջնային լուծում պահանջող հարցերը: Նախարար Դ. Տոնոյանը շեշտեց, որ ոլորտի կարողությունների և հագեցվածության առումով նկատելի առաջընթաց կա, սակայն լուրջ անելիքներ կան սահմանամերձ համայնքների բնակչության իրազեկվածության ուղղությամբ: - Համայնքների համաչափ զարգացման նպատակով և աղետների ռիսկի նվազեցման համատեքստում շատ կարևոր է համայնքների համաչափ զարգացման ծրագրում ընդգրկել ականազերծման բաղադրիչը: Շնորհակալություն բոլորին՝ միասին այս կարևոր օրը նշելու և ոլորտի հարցերը քննարկելու համար: Հավատով ենք, որ շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցելով կշարունակենք մեր աշխատանքը,- եզրափակեց նախարարը:

Նմանատիպ նյութեր