211652_close_icon
views-count4030 դիտում article-date 20:10 30-03-2017

Արդիականացվում է սելավավտանգ տարածքների ուսումնասիրությունը. կիրառվելու են անօդաչու թռչող սարքեր

Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքային համայնքներում իրականացնում է սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն անօդաչու թռչող սարքերի (դրոնների) կիրառմամբ: Ուսումնասիրությունն իրականացվում է «Բնապահպանական արտակարգ իրավիճակների կառավարումը տեղական մակարդակում» ծրագրի շրջանակում և նպատակ ունի բացահայտել ու մոդելավորել ռիսկերը տեղանքի սելավավտանգ հատվածներում: Անօդաչու թռչող սարքերի կիրառումն ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ ապահովելու են ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետները: Ուսումնասիրության արդյունքում իրականացվելու է սելավավտանգ տարածքների և սելավատարերի ողջ երկայնքի մոդելավորում, որը կբացահայտի սելավատարերի խցանման աստիճանը տիղմով և աղբով, ինչը թույլ կտա համապատասխան միջոցառումներ իրականացնել սելավային հոսքի բնականոն հեռացումը խոչընդոտող գործոնները վերացնելու ուղղությամբ: Անօդաչու թռչող սարքերի կիրառությունն աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում նպատակ ունի արդիականացնել և բարձրացնել նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: Դրոնների միջոցով ստացված տվյալների համադրումը սեյսմիկ ռիսկի տվյալների հետ թույլ կտա մոդելավորել նաև արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և փրկարարական ուժերի բաշխվածության կառավարման հարցերը: Ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներն անօդաչու թռչող սարքերի կիրառման դասընթացներ են անցել և ստացել համապատասխան որակավորում ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետների կողմից: [b]ՀՀ ԱԻՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր