1910 դիտում
19:18 30-03-2017
Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև դրամաշնորհի համաձայնագրի ստորագրում է տեղի ունեցել
Մարտի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագրի ստորագրումը:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:
Միջոցառմանը ներկա էին նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմին, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, Հայաստանի հանրային հեռուսատառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Ի շարունակություն կնքված համաձայնագրի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, JICA-ի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմին և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ստորագրեցին դրամաշնորհային փաստաթուղթը, որով կկանոնակարգվի համապատասխան ապրանքների և/կամ ծառայությունների տրամադրումը:
Ստորագրման արարողությանը հետևած իր խոսքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ընդգծելով այսօր ստորագրված համաձայնագրի կարևորությունը, նշեց, որ այն ևս ﬔկ քայլ է երկու երկրների համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Իր հերթին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանն ընդգծեց, որ 2001 թվականին Մատենադարանի փաստաթղթերի պահպանման ուղղությամբ ցուցաբերված աջակցությունից հետո սա նմանատիպ երկրորդ համագործակցությունն է երկու կառավարությունների միջև։ Դեսպանի խոսքով՝ արխիվը ոչ միայն պահպանում է ազգային ժառանգությունը, այլ ոգեշնչում երիտասարդ սերնդին՝ նոր ստեղծագործություններ կերտել ապագայի համար։
Նմանատիպ նյութեր
1402 դիտում
20:36 13-02-2015
Համաձայնագրի ստորագրում ՀՀ կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի միջև
Այս բաժնից
925 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է